Թուրքիային ցանկանում են շրջապատել եւ սանձել, ինչպես առյուծին են հնազանդեցնում. Էրդողան

Թուրքիային ցանկանում են շրջապատել եւ սանձել, ինչպես առյուծին են հնազանդեցնում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Անկարայի եւ Վաշինգտոնի փոխհարաբերությունների ճգնաժամը, իր երկիրը համեմատել է առյուծի հետ, որի ճիրանները պոկել-հանել են եւ ցանկանում են հնազանդեցնել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Բոլոր կողմերից ցանկանում են օղակի մեջ առնել Թուրքիան եւ հնազանդեցնել, ինպես առյուծին, որի ճիրանները պոկել-հանել են: Նրանք վարժվել են հին Թուրքիային եւ չեն ընդունում ուժեղ Թուրքիան: Թուրքիայի անկախությունը պաշտպանելու մեր վճռականությունը ինչ-որ մեկին խիստ անհանգստացնում է»,- հայտարարել է Էրդողանը՝ Անկարայում ելույթ ունենալով նահանգապետների առջեւ:

Նա Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասսին մեղադրել է այցագրային ճգնաժամ հրահրելու մեջ: «Այցագրերի հետ կապված ճգնաժամն ստեղծել է ԱՄՆ-ի այստեղի դեսպանը: Անընդունելի է, որ Ամերիկան իր համար ռազմավարական առումով այնքան կարեւոր երկրում, ինչպիսին Թուրքիան է, նշանակել է դեսպանի, որը պատասխանատու չէ իր համար:

Նրանց ցանկացած գործողության մենք համարժեք պատասխան կտանք»,- հավելել է Թուրքիայի նախագահը: ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հոկտեմբերի 11-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուին խորը անհանգստություն է հայտնել Անկարայում ԱՄՆ-ի դեսպանության աշխատակիցների եւ ԱՄՆ-ի քաղաքացիների ձերբակալման կապակցությամբ: Թիլերսոնն ընդգծել է այն բանի անհրաժեշտությունը, որ Թուրքիայի կառավարությունը նրանց ներկայացված մեղադրանքների ապացույցներ տրամադրի:

Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում ճգնաժամ է սկսվել անցած շաբաթ Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզի ձերբակալումից հետո: Նա մեղադրվում է «սահմանադրության խախտման» եւ «Թուրքիայի կառավարությունը տապալելու փորձի» մեջ: ԱՄՆ-ը հոկտեմբերի 8-ին կասեցրել է ոչ միգրացիոն այցագրերի տրամադրումը Թուրքիայի տարածքում գործող բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում