Թուրքիան «ցանկացած պահի» կարող է փակել Իրաքյան Քրդստանի հետ սահմանը. Էրդողան

Թուրքիան կարող է մոտ ժամանակներս փակել Իրաքյան Քրդստանի հետ սահմանը: Այդ մասին ասված է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության մեջ, որը հոկտեմբերի 19-ին հրապարակել է «Հյուրիեթ» թերթը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Առայժմ մենք չենք փակել սահմանները, բայց դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի»,-ասել է Էրդողանը: «Իրաքի հետ մեր բանակցություններն այն հարցի շուրջ, թե մենք ինչ կարող ենք անել, շարունակվում են:

Եթե Իրաքյան Քրդստանի իշխանությունները սահմանային անցակետերի հսկողությունը հանձնեն կենտրոնական կառավարությանը, մենք պայման կդնենք, որ կենտրոնական կառավարությունը պարտավոր է բավարարել Իրաքի հյուսիսային մասի բնակիչների բոլոր կարիքները»,-նշել է Թուրքիայի նախագահը: Էրդողանն այս հայտարարությունն արել է հոկտեմբերի 17-ի երեկոյան, սակայն թերթն այն հրապարակել է այսօր:

Թուրքիայի նախագահը նաեւ հայտնել է, որ մոտ ժամանակներս Անկարայից Բաղդադ կուղեւորվի պատվիրակություն, որի կազմում է կընդգրկվեն երեք-չորս նախարար՝ հանրապետության արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուի գլխավորությամբ: Բացի այդ, շուտով Անկարա բանակցելու կարող է ժամանել Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին: Հոկտեմբերի 17-ին Թուրքիան Իրաքյան Քրդստանի տարածքից մեկնած ինքնաթիռներին արգելել է մտնել երկրի օդային տարածություն:

Սեպտեմբերին վերջին Անկարան Իրաքի քրդական տարածաշրջանի հետ ավիահաղորդակցության արգելք է սահմանել: Այս միջոցները ձեռնարկվել են ի պատասխան սեպտեմբերի վերջին Քրդստանի ինքնորոշման շուրջ հանրաքվեի անցկացման: Բաղդադի եւ Անկարայի իշխանությունները չեն ճանաչում հանրաքվեի արդյունքները եւ այն համարում են անօրինական, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում