Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականն առաջարկել է վերանայել անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականն առաջարկել է վերանայել անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Յափչին Թոփչուն կարծում է, որ երկիրը պետք է վերանայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը, քանի որ դաշինքը թշնամական քաղաքականություն է իրականացնում Անկարայի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Թոփչուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության հարցը պետք է շտապ վերանայվի երկրի խորհրդարանում:

ՆԱՏՕ-ի Trident Javelin զորավարժությունների ընթացքում, որոնք անցկացվել են նոյեմբերի 8-17-ը Նորվեգիայում, տեղադրվել է ցուցապաստառ՝ դաշինքի «հակառակորդների» նկարներով: Դրանցից մեկում եղել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի լուսանկարը: «Թշնամիների» շարքում եղել է նաև Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ի պատասխան՝ Թուրքիան որոշել է հետ կանչել զորավարժություններին մասնակցող 40 թուրք զինծառայողներին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երկու անգամ ներողություն է խնդրել Թուրքիային վիրավորելու համար: Միջադեպի կապակցությամբ ներողություն է խնդրել նաև Նորվեգիայի պաշտպանության նախարար Ֆրանկ Բակե-Յենսենը, սակայն Թուրքիայում դա բավարար չեն համարում:

Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականը նշել է, որ Թուրքիան իր աշխարհաքաղաքական դիրքի պատճառով ենթարկվում է ճնշումների այնտեղից, որտեղից անհնար էր սպասել: «Այդպիսի նվազ և անազնիվ պահվածքը խոսում է ՆԱՏՕ-ի կողմից մեր երկրի նկատմամբ դիրքորոշումն ավելի խստացնելու մասին»,- հայտարարել է Թոփչուն:

Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ոչ միայն ռազմական դաշինք է, այլ նաև տնտեսական և քաղաքական կախվածության «գաղութացման նոր ձևաչափ»: Նա հույս է հայտնել, որ թուրք ազգը կկարողանա մի կողմ նետել «գաղութացման վերնաշապիկը», որը ՆԱՏՕ-ն փորձում է հագցնել Թուրքիային:

Թուրքիան ՆԱՏՕ-ին անդամակցել է 1952թ.:

Հետևեք մեզ նաև Telegram-ում