Վանաձոր-Գոգավան ճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

Վանաձոր-Գոգավան ճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ի ժամը 20:30-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Դեկտեմբերի 6-ի ցերեկը հանրապետության տարածքում կսկսվեն տեղումներ, տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում կլինեն ձյան, հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 6-ին՝ երեկոյան ժամերից, Հայաստանի ողջ տարածքում կտեղա ձյուն։ Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն, դրանք կպահպանվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում։ Դեկտեմբերի 8-ին կրկին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մ-3 ավտոճանապարհի Վանաձոր-Գոգավան հատվածը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

Դժվարանցանելի են Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածը և Վարդենյաց լեռնանցքի վերին հատվածը:

Ապարան-Ծիլքար և Թալին-Լանջիկ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Շիրակի, Լոռու, Կոտայքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն:

Կոտայքի մարզի Եղվարդ և Աբովյան քաղաքներում առկա է մառախուղ:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների և 30-ից ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում