Բունդեսթագի պատգամավորները պահանջել են ազատել Թուրքիայում 13 ամիս կալանքի տակ պահվող Դեմիրթաշին

Բունդեսթագի պատգամավորները պահանջել են ազատել Թուրքիայում 13 ամիս կալանքի տակ պահվող Դեմիրթաշին

Գերմանացի քաղաքական գործիչներ՝ Սոցիալ դեմոկրատական կուսակցության պատգամավոր Թոմաս Օփերմանը, Ձախերի կուսակցության պատգամավոր Սահրա Վագենկնեհթը և Կանաչների կուսակցության նախագահ Անտոն Հոֆրայթերը հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով ազատ արձակել Թուրքիայում արդեն 13 ամիս կալանավորված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Պատգամավորներն ընդգծել են, որ Դեմիրթաշին անազատության մեջ պահելով թուրքական կողմը խոչընդոտում է ժողովրդի կողմից ընտրված պատգամավորի գործունեությունը: «Քաղաքական շարժառիթ ունեցող այդ դատական գործը չի կարող դիտարկվել որպես քաղաքականության օրինական գործիք»,- նշել են նրանք:

Դեմիրթաշի դեմ դատական լսումները սկսվել են դեկտեմբերի 7-ին: Առաջին դատական նիստի ժամանակ որոշում է կայացվել ուժի մեջ թողնել քրդամետ կուսակցության առաջնորդին կալանքի տակ պահելու մասին որոշումը: Բացի այդ վճռվել է, որ Դեմիրթաշը պետք է ներկա լինի առաջիկա նիստին, որը կգումարվի 2018 թվականի փետրվարի 14-ին:

Քաղաքական գործիչը մեղադրվում է «ահաբեկչական խմբավորում հիմնելու, ղեկավարելու, հանցախմբի քարոզչություն անելու, հանցանքն ու հանցագործին գովաբանելու» մեջ: Պահանջվում է Դեմիրթաշին դատապարտել մինչև 142 տարվա ազատազրկման:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում