ՀՀ Նախագահը պարգևատրեց Հանրապետական կուսակցության ֆուտզալի առաջնության հաղթողներին

ՀՀ Նախագահը պարգևատրեց Հանրապետական կուսակցության ֆուտզալի առաջնության հաղթողներին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության 15-րդ մարզական խաղերի ֆուտզալի առաջնության եզրափակիչ փուլը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Եզրափակիչ փուլում մրցում էին Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջանների թիմերը: Մալաթիա-Սեբաստիա թիմը առավելության հասավ 3-2 հաշվով:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրեց Հայաստանի Հանրապետական կուսակցության 15-րդ մարզական խաղերի ֆուտզալի առաջնության թիմի խաղացողներին, իսկ գավաթը շնորհեց Մալաթիա-Սեբաստիայի թիմի ավագին: Երրորդ մրցանակային տեղը զբաղեցրեց Շենգավիթ վարչական շրջանի թիմը:

«Ֆուտզալի առաջնությանը մասնակցեցին 14 տարածքային կազմակերպությունների թիմերը: Կուսակցության մարզական խաղերին մասնակցություն ունեցան մեր կուսակցական կազմակերպությունների գերակշռող մասը: Այս տարի մեր ծրագրում ընդգրկեցինք նաև գնադակային հրաձգությունը, որը նույնպես անցկացվեց բավականին հետաքրքիր և լարված պայքարում»,- նշեց Հայաստանի Հանրապետական կուսակցության մարզական խորհրդի նախագահ Ռազմիկ Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ տարեցտարի սպորտային միջոցառումների մասնակիցների քանակը ավելանում է:

«ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական աջակցության շնորհիվ տարեցտարի մարզական միջոցառումների շրջանակը ընդլայնվում է: Եվ ֆուտզալի, և շախմատի, և սեղանի թենիսի, և հրաձգության առաջնությունների մասնակիցների մեջ կան մեծ թվով մարզիկներ, ովքեր մեր կուսակցության անդամներ են և միևնույն ժամանակ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության նշված մարզաձևերի հավաքական թիմերի մազիկներ»,– ընդգծեց Ստեփանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում