Հայաստանից Ռուսաստան արտահանումը աճել է 239 տոկոսով

Հայաստանից Ռուսաստան արտահանումը աճել է 239 տոկոսով

Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 428 միլիոն դոլար: Այն 2015 թվականի համեմատ աճել է 239 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն: Նրա խոսքով, Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, ունենալով մաքսային արտոնություններ՝ հնարավորություն է ստացել ավելի մեծ քանակով ապրանք արտահանել ռուսական շուկա:

«Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2015 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 989,7 միլիոն դոլար, իսկ 2017 թվականի նույն ժամանակահատվածում՝ 1 միլիարդ 336,6 միլիոն դոլար:

2015 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 179 միլիոն դոլար, իսկ 2017 թվականին աճել է 239 տոկոսով՝ կազմելով 428 միլիոն դոլար», -նշեց Բաբկոն:

Նրա խոսքով` Ռուսաստանից Հայաստան ներմուծումը 2015 թվականին կազմել է 810 միլիոն դոլար, իսկ 2017 թվականին՝ 908,6 միլիոն դոլար կամ աճել է 112 տոկոսով:

2017 թվականին Ռուսաստան ներմուծված հայկական ապրանքների 62 տոկոսը կազմել են գյուղատնտեսական սննդամթերքը, 11.5 տոկոսը թանկարժեք մետաղները և քարերը, 9.2 տոկոսը՝ տեքստիլ և թեթև արդյունաբերությունը և 5.9 տոկոսը՝ մեքենա-սարքավորումները:

«2017 թվականին Հայաստան ներմուծված ռուսական ապրանքների 46,9 տոկոսը կազմել են հանքային ջրերը, 16.8 տոկոսը` գյուղմթերքը, 11.9 տոկոսը` մեքենասարքավորումները, 9.1 տոկոսը` թանկարժեք մետաղները և քարերը»,- նշեց Բաբկոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում