Վաչե Գաբրիելյանը թաքնված սովի հաղթահարման գործում կարևորում է կենսակերպի և սննդակարգի փոփոխությունը

Վաչե Գաբրիելյանը թաքնված սովի հաղթահարման գործում կարևորում է կենսակերպի և սննդակարգի փոփոխությունը

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը թերսնուցման խնդրի քննարկումներում ուշագրավ է համարում թաքնված սովի հարցն ու կոչ անում հատկապես երեխաների կերակրման հարցերին մեծ ուշադրություն դարձնել: «Մի կարևորագույն հարցի առնչությամբ կցանկանայի հրավիրել ձեր ուշադրությունը: Գոյություն ունի «թաքնված սով» հասկացությունը, երբ մարդիկ ուտում են, սակայն անհրաժեշտ քանակությամբ նյութեր կամ վիտամիններ չեն ստանում: Դա հաճախ կախված չէ հնարավորություններից, այլ ազգային խոհանոցի առանձնահատկություններից կամ տվյալ մարդկանց դիետիկ սովորույթներից: Մեզ համար կարևոր է, որ հատկապես փոքր երեխաներին կերակրելու տեսակետից դրան մեծ ուշադրություն դարձվի»,-Հայաստանի պարենային ապահովության և սնուցման ազգային ռազմավարական ուսումնասիրության շնորհանդեսի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց Վաչե Գաբրիելյանը:

Այս իմաստով նա կարևորեց կառավարության կողմից իրականացվող նախադպրոցական և տարրական դասարանների երեխաների սնուցման ծրագրերը՝ նշելով, որ դա ուղղված է այդ պակասը լրացնելուն: «Այս խնդիրն ընդհանուր առմամբ կենսակերպի փոփոխության և մեր ընդհանուր սննդակարգին ուշադրություն դարձնելու ազդակ է, որովհետև առանց էական խոշոր միջոցների, որոնք ևս պետք է անել, մենք կարող ենք էական բարելավումներ ունենալ նաև այստեղ»,-հավելեց պաշտոնյան:

Անդրադառնալով ալյուրի հարստացման ծրագրին՝ Վաչե Գաբրիելյանը նկատեց, որ այն ևս կապված է թաքնված սովի խնդրի հաղթահարման հետ: «Զեկույցի հեղինակները նշում են, որ անգամ ոչ աղքատ ընտանիքները ոչ ճիշտ սննդակարգի պատճառով ստանում են թերսնուցում, ալյուրի հարստացումը հենց այդ նպատակին էր ուղղված: Դա քննարկվում է, ի վերջո՝ քաղաքական պրոցես է, և համապատասխան որոշումներ պետք է ընդունվեն և իրականացվեն: Իմ կարծիքով՝ պետք է իրականացվի, սակայն դա կթողնենք հետագա քննարկումներին»,-նշեց փոխվարչապետը:

Համաձայն Հայաստանի պարենային ապահովության և սնուցման ազգային ռազմավարական ուսումնասիրության մեջ ներկայացված տվյալների՝ 2015-ին Հայաստանի բնակչության 6 տոկոսը եղել է թերսնված: Պարենային անապահովության մեջ գտնվող տնային տնտեսությունների մասնաբաժինը 2008-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո գրեթե կրկնապատկվել է 2015-ին հասնելով 16 տոկոսի:

2015-ի տվյալներով՝ թերաճ է 5 տարեկանից փոքր երեխաների 9 տոկոսը, գերքաշ՝ 14-ը: Թերաճությունն առավելապես տարածված է 18 ամիսը չլրացած երեխաների շրջանում: Մինչև 5 տարեկան երեխաների շրջանում սակավարյունության միջին ցուցանիշը 16 տոկոս է, որոշ մարզերում հասենլով 34-49 տոկոսի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում