Փառատոններ, արկածային տուրիզմ, հյուրանոցային տնտեսության ակտիվացում. Արցախը զարգացնում է զբոսաշրջությունը

Փառատոններ, արկածային տուրիզմ, հյուրանոցային տնտեսության ակտիվացում. Արցախը զարգացնում է զբոսաշրջությունը

Փառատոններ, արկածային տուրիզմ, հյուրատների, հյուրանոցների ավելացում. Արցախը զարգացնում է զբոսաշրջությունը տարբեր ուղղություններով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը:

Քայլարշավով հետաքրքրվողներին դեռ նախորդ տարի առաջարկվեց Արցախի ամբողջ երկայնքով ձգվող «Ճանապարհ Թրեյլ» կոչվող արահետը, որն առանձնանում է իր արկածային պատմություններով, գեղեցիկ բնական տեսարաններով ու զանազան ճարտարապետական հարուստ հուշարձաններով:

«Այս տարի ակտիվացնելու ենք այդ ուղղությունը: Բազմիցս հանդիպել ենք «Ճանապարհ թրեյլ»-ի կազմակերպիչների հետ, այժմ փորձում ենք հստակեցնել զարգացման ծրագիրը` հասկանալու թե ֆինանսական, թե մեթոդական աջակցությունը: Այս տարի քայլեր են ձեռնարկվելու կոնկրետ երթուղիների կահավորման ուղղությամբ: Առանձնացվելու են երթուղու համայնքները, որտեղ հնարավոր է գիշերակաց կազմակերպել: Կարող ենք ասել, որ միջազգային թիմ է հավաքվել, որը պատրաստ է իր ներդրումն ունենալ թե փորձի, թե ֆինանսական առումով»,-ասաց նա:

Արտակ Գրիգորյանը նշեց, որ առաջին անգամ փորձելու են մեթոդական աջակցություն ցուցաբերել համայնքներին` հյուրատներն ավելացնելու համար: Մեթոդական աջակցությունը լինելու է երկու ուղղությամբ դասընթացներ, բիզնեսի համար հատուկ գրականության հրատարակում: Արտակ Գրիգորյանի խոսքով, զբոսաշրջիկների ավելացմամբ ակնհայտ է, որ ավելանում է հյուրատների, օրավարձով տրամադրվող բնակարանների թիվը:

«Արցախյան գյուղը ինքն իրենով առանձին տուրիստական արդյունք է՝ այնտեղ գիշերակացը, մաքուր սնունդը, քայլարշավները, ձիարշավները: Այսինքն` հնարավորությունները բազմաթիվ են: Մենք խթանելու ենք, որ գյուղացիները ձևավորեն այդ պրոդուկտը»,-ասաց նա:

Զբոսաշրջիկներին ներգրավելու համար տարվա ընթացքում կանցկացվեն փառատոններ, համերգային ծրագրեր: Այդ միջոցառումների թվում իր ուրույն տեղն ունի Գինու փառատոնը, որն արդեն ամենամյա է և ունի կոնկրետ ծրագիր: Այն ներառում է Արցախի և Հայաստանի լավագույն գինիների ցուցահանդես-տոնավաճառ, գյուղատնտեսական բարիքների ներկայացում, համերգային ծրագիր, էքսկուրսիաներ, պարեր, խաղեր, արցախցի ձեռագործ վարպետների արվեստի գործերի ցուցահանդես: Այս տարի այն 5-րդ անգամն է անցկացվելու:

Արտակ Գրիգորյանը տեղեկացրեց, որ զգալի աշխատանք է նախատեսվում նաև թվային տիրույթում: Նախատեսվում է համացանցում իրականացնել մարկետինգային արշավներ՝ բավական մեծ հետևորդների ներգրավմամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում