Շրջակա միջավայրի մոնիթորինգ իրականացնելիս իրավիճակը ֆիքսում ենք ու ոչինչ չենք անում

Շրջակա միջավայրի մոնիթորինգ իրականացնելիս իրավիճակը ֆիքսում ենք ու ոչինչ  չենք անում

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացմանը: «Բնապահպանության նախարարության կողմից եռամսյակային կտրվածքով ներկայացվում են շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ հետազոտություններ, որոնք պարունակում են հանրապետության տարբեր բնակավայրերի մթնոլորտային օդի, հողերի և ջրերի աղտոտվածության, սահմանաչափերի գերազանցման վերաբերյալ տեղեկություններ: Միաժամանակ, նշված հետազոտությունները չեն պարունակում արձանագրված խնդիրների, պատճառների և դրանց վերացման վերաբերյալ վերլուծություններ, իսկ օրենսդրությամբ լիարժեք սահմանված չեն արձանագրված խնդիրների նվազեցման կամ լուծման պարտադիր պայմաններ և գործուն մեխանիզմներ»,- ասաց Կարեն Կարապետյանը։

Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը Բնապահպանության նախարարին հանձնարարեց 1-ամսյա ժամկետում ապահովել շրջակա միջավայրի մոնիթորինգի արդյունքներում արձանագրված խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ վերլուծության իրականացումը, ինչպես նաև կառավարության աշխատակազմ ներկայացնել դրանց կատարումը ապահովող գործիքակազմի վերաբերյալ առաջարկություններ։ Ըստ անհրաժեշտության՝ հարցը քննարկել շահագրգիռ այլ մարմինների հետ։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարվեց ձեռնարկել միջոցներ համայնքների կողմից Բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի մոնիթորինգի արդյունքում վերհանված խնդիրների նվազեցման և բնապահպանական վիճակի բարելավման ուղղությամբ։

«Մենք Բնապահպանության նախարարության հաշվետվությունը լսելու ժամանակ արձանագրել ենք, որ գոյություն ունեն համայնքներ, որտեղ տարեցտարի նախարարությունը նույն եզրակացությունն է անում, բայց այդ նյութից հասկանալի չէ՝ համայնքապետն ինչ պետք է անի, հասկանալի չէ պատճառը որտեղից է և չգիտեմ ինչ բովանդակություն է կրում: Այսինքն՝ մենք ֆիքսում ենք, ոչ մի բան չենք անում, հաջորդ տարին գալիս է, կրկին ֆիքսում ենք: Հանձնարարականի երկրորդ կետի կատարման համար խիստ անհրաժեշտ է, որպեսզի առաջին կետը լինի հաշվելի, հասկանալի: Այդ իսկ պատճառով, պարոն Մինասյան, հստակ ձևակերպում ենք խնդիրը»,- դիմելով Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին՝ ասաց Կարեն Կարապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում