Ստեփանակերտում կայացել է Վալերի Պետրոսյանի՝ Արցախյան շարժման ակունքները ներկայացնող լուսանկարների ցուցահանդեսը

Ստեփանակերտում կայացել է Վալերի Պետրոսյանի՝  Արցախյան շարժման ակունքները ներկայացնող  լուսանկարների ցուցահանդեսը

Արցախի ժուռնալիստների միությունում փետրվարի 22-ին տեղի է ունեցել շարժման ակտիվիստ, Ասկերանի «Բերդ» շրջանային թերթի գլխավոր խմբագիր, լուսանկարիչ Վալերի Պետրոսյանի՝ Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված լուսանկարների անհատական ցուցահանդեսը:

Միջոցառման մեկնարկին Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը միության կողմից պատվոգիր է հանձնել Վալերի Պետրոսյանին:

Ողջունելով ներկաներին՝ Կիմ Գաբրիելյանն ասել է, որ Վալերի Պետրոսյանը 1988 թվականի փետրվարի 13-ի առաջին հանրահավաքի լուսանկարիչն է եղել:

«Շարժումը պոռթկացել է միանգամից, և դրանից հետո մի շարք լուսանկարիչներ ու, հատկապես հեռուստատեսությունը, ստեղծել են մեծ էպոպեա: Շարժումը սկսվեց տարերային, և հրապարակն էլ ծովացավ միանգամից: Կազմակերպիչներից էր նաև Վալերի Պետրոսյանը, ում համար լուսանկարելը եղել է հատուկ առաքելություն: Այդ ընթացքում նա ևս եղել է ընդհատակյա շարժման մեջ»,- մասնավորապես նշել է Կիմ Գաբրիելյանը:

Լուսանկարիչ Վալերի Պետրոսյանն էլ ասել է, որ 1988-ից առաջ նպաստավոր պայմաններ կային շարժումը սկսելու համար, իսկ այսօր՝ 30 տարի անց, ստեղծվել են նույն նպաստավոր պայմանները՝ լուսանկարներն ի ցույց դնելու համար:

«Այն ժամանակ ռիսկային էր այդ աշխատանքը, սակայն ռիսկի մասին ես հասկացա միայն հետո: 1988 թ.-ի փետրվարի 12-ին Սլավիկ Առուշանյանից ես ստացա հանձնարարություն՝ փետրվարի 13-ին Ստեփանակերտում կայանալիք ցույցը լուսանկարելու: Ես ցույցը կիսատ թողած դուրս եկա, քանի որ պետք է հասցնեի լուսանկարներն ուղարկել Երևան՝ Իգոր Մուրադյանին: Նա էլ պետք է հասցներ Միխայիլ Գորբաչովին: Հանրահավաքից պատրաստել էի 20 լուսանկար, և դրանք Երևան հասցվեին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով: Փետրվարի 13-ի միտինգից հետո երկրորդ հանրահավաքը Ստեփանակերտում կայացել է փետրվարի 18-ին: Արդեն փետրվարի 19-ին այստեղից պատվիրակություն է մեկնել Երևան՝ այնտեղ հանրահավաքին ևս մասնակցելու: Հանրահավաքին ներկա էին Իգոր Մուրադյանը, Վաչե Սարուխանյանը, Սիլվա Կապուտիկյանը: Հիշում եմ՝ Սիլվա Կապուտիկյանն իր ելույթում ասել է, որ սա պատմական այց է»,- մասնավորապես պատմել է Վալերի Պետրոսյանը:

Միջոցառմանը ներկա ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանն էլ ասել է, որ այն ժամանակ Վալերի Պետրոսյանն աշխատում էր Ասկերանի «Կարմիր դրոշ» թերթում, իսկ Ասկերանում այդ ժամանակ խմբագրությունը համարվում էր հեղափոխության շտաբ՝ Կոմիտաս Դանիելյանի գլխավորությամբ, ով նաև շրջկոմի բյուրոյի անդամ էր:

«Վալերին եզակի լուսանկարիչներից մեկն էր, որ շարժման սկզբնական էտապում հասցրել է լուսանկարել իրադարձությունները: Այս լուսանկարները պատմություն են: Ադրբեջանի ղեկավարությունն հատկապես այդ ժամանակ զգաց, որ շարժումն ավելի լայնածավալ է, քանի որ հանրահավաքների հաջորդ փուլը մասսայական ստորագրահավաքն էր: Հետևաբար նրանք ցանկացան դիմագրավել: Շարժումը չէր լինի, եթե ժողովուրդը դուրս չգար հրապարակ: Ժամանակները ծանր էին, և մարդկանց համարձակությունը մեծ էր՝ արհամարհելով ամեն ինչ: Այդ գործում մեծ էր նաև Վալերի Պետրոսյանի դերը»,- նշել է Ալյոշա Գաբրիելյանը:

ԱՀ ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանն էլ ընդգծել է, որ ցուցադրվող լուսանկարները անգին գոհարներ են: «Վստահեցնում եմ՝ տարիների հետ լուսանկարները ստանալու են մեծ արժեք: Մեծ գործ է կատարված, որը պետք է տարածել: Պարտվելու է նա, ով հոգնելու է այս պայքարում: Մենք հոգնելու իրավունք չունենք, և ամբողջ աշխարհը պետք է տեսնի այս լուսանկարները»,- նշել է Վարդգես Բաղրյանը:

Պատմաբան Մհեր Հարությունյանն էլ ասել է, որ համաժողովրդական բնույթի շնորհիվ շարժումը հասավ իր նպատակին: «Շատ են խոսում ընդհատակի, անհատի դերակատարության մասին, սակայն այդ ամենը լիարժեք չէր կարող վերջնանպատակին հասնել, եթե չլիներ համաժողովրդական աջակցություն: Սա շատ կարևոր շեշտադրում է: Արցախյան շարժման հիմնական սկզբունքային մոտեցումներից մեկն այն է, որ շարժումը պետք է դիտարկել հայ-թուրքական բազմադարյա պայքարի համատեքստում: Այն տեսակետները, որ շարժումը սկիզբ է առել 1921 թվականից, միանգամայն անընդունելի են: Շարժումը առնվազն 1720-ական թվականներից է սկսվել, երբ Թուրքիան փորձում էր հաստատվել տարածաշրջանում: Այսօր էլ մեր պայքարը Թուրքիայի հետ դեռ առջևում է: Այսօր մեր հայրենիքի մեծ մասը Թուրքիան պահում է զավթած, և Արցախյան շարժումը դեռ շարունակվում է: Սա կարևոր սկզբունք է: Փետրվարի 22-ը խորհրդանշական օր է, քանի որ տեղի ունեցավ մի իրադարձություն, որը դարձավ շարժման ռազմական փուլի մանրակերտը: Ադրբեջանը փորձեց ուժի դիրքերից ահաբեկել Արցախի ժողովրդին, իսկ ժողովուրդը կարողացավ դիմագրավել թշնամուն, հետ շպրտել, և մինչև 1994 թվականը իրադարձությունները տեղի ունեցան նույն սցենարով»,- ասել է Մհեր Հարությունյանը՝ ավելացնելով, որ այս ամենի լուծումը մեկն է՝ պետք է հակառակորդին պարտադրել մեր կամքը:

Պատմաբանի խոսքով՝ փետրվարի շարժման ֆոտոտարեգրության ստեղծումը Վալերի Պետրոսյանի կողմից արժանի է գնահատանքի, քանի որ ֆոտոփաստը անառարկելի վկայություն է, որը հասկանալի է բոլոր լեզուներով, տեսանելի բոլորին: 30-ամյակը լավ առիթ է՝ գնահատելու այդ աշխատանքը:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև ֆոտովավերագրող Գերման Ավագյանը և լրագրող Ծովինար Գրիգորյանը:

Ընթացքում անդրադարձ կատարվեց նաև առաջիկայում եռալեզու ալբոմ ստեղծելու գաղափարին, որը կյանքի կոչելուց հետո հասանելի կլինի նաև արտերկրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում