Բժիշկները կողմ են դեղերը դեղատոմսով բաց թողնելուն, սակայն համակարգը նախապես դրան պատրաստելու անհրաժեշտություն են տեսնում

Բժիշկները կողմ են դեղերը դեղատոմսով բաց թողնելուն, սակայն համակարգը նախապես դրան պատրաստելու անհրաժեշտություն են տեսնում

Դեղատոմսերի կիրառման անհրաժեշտությունը քննարկման ենթակա չէ բժշկական հասարակայնության կողմից: Սակայն քննարկման առարկա են դրա ներդրման մոտեցումները, անհրաժեշտ է նախապես համակարգը պատրաստել փոփոխությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը:

«Դեղերը դեղատոմսերով բաց թողնելը միանշանակ օգուտ է բնակչությանը: Այդ պարագայում մենք կունենանք դեղամիջոցի ճիշտ ընտրություն, անհարկի դեղամիջոցներից պաշտպանվածություն: Առանց դեղատոմսի անգամ փոքրիկ դեղաչափերի ոչ ճշգրիտ փոփոխությունները և այլ դեղամիջոցների հետ ոչ ճիշտ համակցումները կարող են վնասել առողջությանը: Իսկ հակաբիոտիկների անհարկի կիրառության պատճառով հաճախ առաջանում է դրանց նկատմամբ դիմացկունություն: Եվ դեղատմսային մոտեցումը միանշանակ ճիշտ կլինի, ողջ աշխարհն է արդեն անցել դրան: Սակայն կա նաև հարցի երկրորդ կողմը՝ արդյոք ճիշտ ժամանակի՞ն է այս կարգը ներդրվում: Ըստ իս՝ ճիշտ կլիներ նախ համակարգը պատրաստել փոփոխությանը: Պետք է կարողանանք գնահատել բոլոր ռիսկերը, խութերը, գտնել դրանց հաղթահարման ուղիները, ներդնել գործիքակազմը, հետո նոր անցնել դեղատմոսային կարգին»,-ասաց Զելվեյանը:

Նրա խոսքով՝ բոլորն օգտվում են առաջնային օղակից: Եվ յուրաքանչյուր բժիշկ այդ օղակում աշխատում է չափազանց ծանրաբեռնված: «Եթե նախկինում բժիշկը սպասարկում էր 20 հոգու, հիմա պետք է սպասի 40-ին: Դժգոհություն է առաջանալու նաև հիվանդների շրջանում: Մասնագետը ֆիզիկապես ի վիճակի չի լինելու բավականին որակյալ սպասարկում իրականացնել: Այդ պատճառով պետք է վերանայվեն բժիշկների նորմատիվները, շատացվի նրանց քանակը, նվազեցվի ծանրաբեռնվածությունը, հետո նոր մտցվի դեղատոմսային համակարգը»,-ասաց Զելվեյանը:

Հանրային առողջապահության մասնագետ Դավիթ Պետրոսյանը ևս կարծում է, որ դեղերի մեծ մասը դեղատոմսերով բաց թողնելը շատ ճիշտ մոտեցում է: «Համալսարանում մենք ունեցել ենք հատուկ առարկա, որով դեղատոմս դուրս գրել ենք սովորել: Մի որոշ ժամանակ ինչ-ինչ հանգամանքներից կախված այդ մշակույթը վերացել էր, սակայն ներկայում վերադառնում ենք դրան: Դեղերի մի մասը՝ 1060 դեղ, որոնք տրամադրվում էին առանց դեղատոմսի, այդպես էլ պահպանվելու են»,-ասաց նա:

«Ընտանիքի առողջության պահպանման համալիր» ԲՀԿ ղեկավար Մերի Խաչիկյանի կարծիքով՝ նոր համակարգի շնորհիվ մարդիկ այլևս չեն զբաղվի ինքնաբուժությամբ: Սակայն, կարծում է, ժամանակ է անհրաժեշտ, որ մարդիկ պատրաստվեն փոփոխությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում