Ընդլայնվում են արտակարգ իրավիճակների ոլորտում Մեծ Բրիտանիայի հետ ՀՀ համագործակցության հնարավորությունները

Ընդլայնվում են արտակարգ իրավիճակների ոլորտում Մեծ Բրիտանիայի հետ ՀՀ համագործակցության հնարավորությունները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 6-ին ընդունեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան ` Ն.Գ. տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-բրիտանական համագործակցության ընդլայնման և արդեն իրագործվող համատեղ ծրագրերի շարունակականության ապահովման հնարավորությունները:

Բարձր գնահատելով Մեծ Բրիտանիայի հետ առկա համագործակցությունը և դրա խորացումը նաև Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության շրջանակներում՝ ԱԻ նախարարը շեշտեց քաղաքացիական պաշտպանության, բնակչության պատրաստվածության և դիմակայունության մակարդակի բարձրացմանն ուղղված համատեղ ուսումնավարժանքների իրականացման և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական անձնակազմի ուսուցման և վերապատրաստման կարևորությունը:

Կողմերը պայմանավորվածություն ձեռքբերեցին նաև մշակել և գործարկել արտակարգ իրավիճակներում հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանն ուղղված համատեղ ծրագիր:

Հանդիպման ավարտին նախարար Տոնոյանը Մեծ Բրիտանիայի պատվիրակներին առաջարկեց ակտիվորեն ներգրավվել այս տարի Հայաստանում իրականացվող արտակարգ իրավիճակների ոլորտին նվիրված համապետական և միջազգային մի շարք միջոցառումների. ինչպիսիք են՝ հունիս ամսին Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանային պլատֆորմի աշխատանքները և դեկտեմբերի 5-ից 7-ը «Դիմակայուն Հայաստան» խորագրի ներքո անցկացվող Սպիտակի երկրաշարժի հիշատակման 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումները (համապետական վարժանք, Դաշտային խոհանոցի միջազգային մրցույթ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում