Շարունակվում է հայերի հետ բարեկամության կոչերի պատճառով աշխատանքից հեռացված ադրբեջանցի ուսուցչի գործով դատավարությունը

Շարունակվում է հայերի հետ բարեկամության կոչերի պատճառով աշխատանքից հեռացված ադրբեջանցի ուսուցչի գործով դատավարությունը

Բաքվի Նիզամիի շրջանի դատարանում մարտի 15-ին շարունակվում է հայերի և ադրբեջանցիների միջև բարեկամության կոչեր հնչեցնելու պատճառով աշխատանքից հեռացված Ռովշան Ազիզովին ուսուցչական աշխատանքից անօրինական հեռացնելու գործով դատավարությունը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ազիզովը մարտի 14-ին դատարան է ներկայացրել տեսանյութ, որում ցույց է տրվում, թե ինչպես են 2017 թ. դեկտեմբերի 20-ին Ադրբեջանում գործող «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ակտիվիստները ներխուժում Բաքվի թիվ 220 դպրոց և տնօրինությունից պահանջում աշխատանքից ազատել իրեն:

«Դատավորը ուսումնասիրության նպատակով վերցրել է տեսանյութը և արդյունքներն ամփոփելու է մարտի 15-ի դատական նիստին»,- «Թուրան» լրատվական գործակալության հետ զրույցում նշել է Ազիզովը:

35-ամյա Ազիզովն աշխատանքից հեռացվելուց հետո արդեն երեք ամիս է չի աշխատում:

«Ես չգիտեմ ինչպես պահեմ ընտանիքս և ընտանիքումս մեծացող 5-ամյա տղայիս»,-նշել է ադրբեջանցի ուսուցիչը:

Ադրբեջանում երիտասարդ ուսուցիչ Ռովշան Ազիզովը դեկտեմբերի 26-ին աշխատանքից հեռացվել է հայ և ադրբեջանցի երեխաների միջև խաղաղություն և բարեկամություն հաստատելու կոչեր հնչեցնելու պատճառով:

Ազիզովը հայտնել է, որ 2004 թ. որպես անգլերենի ուսուցիչ սկսել է աշխատել Բաքվի Նիզամիի շրջանի թիվ 220 դպրոցում: Երիտասարդ ուսուցիչն իրեն անհիմն ազատելու մեղադրանքով դեկտեմբերին դպրոցի տնօրենի դեմ բողոք է ներկայացրել Նիզամիի շրջանի դատարան: Ազիզովը դասերի ժամանակ նկարահանել է երեխաների մասնակցությամբ հայերի և ադրբեջանցիների բարեկամության վերաբերյալ մի քանի տեսանյութեր: Տեսանյութում երեխաները խաղացել են հայ և ադրբեջանցի երեխաների դերեր, ովքեր սկզբում թշնամաբար են վերաբերվել միմյանց, սակայն հետո հասկացել են, որ թշնամանքը չի կարող հավերժ շարունակվել և բարեկամացել են:

Ազիզովի այս գաղափարն առաջ է բերել Ադրբեջանում գործող «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ակտիվիստների դժգոհությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում