ՀՀ դեսպանը Էստոնիայի պաշտպանության փոխնախարարի հետ խոսել է ԼՂ խնդրի կարգավորման ջանքերից

ՀՀ դեսպանը Էստոնիայի պաշտպանության փոխնախարարի հետ խոսել է ԼՂ խնդրի կարգավորման ջանքերից

Տալլին կատարած աշխատանքային այցի շրջանակում Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) մարտի 17-ին հանդիպեց Արևելյան գործընկերության էստոնական կենտրոնի տնօրեն, դեսպան Յան Ռեյնհոլդի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին թե՛ երկկողմ, և թե՛ բազմակողմ ձևաչափերում Հայաստանի և Էոստոնիայի միջև ծավալվող երկխոսության բարձր մակարդակը: Քննարկվեց համագործակցությանն առնչվող հացերի լայն շրջանակ, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, արտակարգ իրավիճակների և այլ ոլորտներում։

Առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համատեքստում դեսպան Մկրտչյանն առանձնահատուկ կարևորեց միջազգային տարբեր միջոցառումների շրջանակներում հայ-էստոնական գործարար համաժողովների անցկացման անհրաժեշտությունը՝ այդ համատեքստում կարևորելով էստոնական բիզնես շրջանակների մասնակցությունը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում նախատեսվող Տնտեսական ֆորումին:

Նույն օրը տեղի ունեցավ դեսպան Մկրտչյանի և Էստոնիայի պաշտպանության նախարարի տեղակալ Քրիստյան Փրիքի հանդիպումը, որի ընթացքում կողմերն անդրադարձան «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությանը՝ միաժամանակ կարևորելով խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությունը։

Դեսպանն անդրադարձավ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում Հայաստան-Էստոնիա հարաբերությունների զարգացման հնարավորություններին, քննարկվեցին Հայաստանի և Էստոնիայի պաշտպանական գերատեսչությունների միջև փոխգործակցության հեռանկարները՝ կարևորելով փոխադարձ այցելություններ կազմակերպելու անհրաժեշտությունը:

Հյուրի խնդրանքով դեսպան Մկրտչյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը և Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցերի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում