Շուշիի տեխնոլոգիական համալսարանը և Հայաստանի ագրարային համալսարանը կհամագործակցեն

Շուշիի տեխնոլոգիական համալսարանը և Հայաստանի ագրարային համալսարանը կհամագործակցեն

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրավերով Երևանում է գտնվում Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Նարինե Աղաբալյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ապրիլի 3-ի ՀՀ ԿԳ նախարարությունում տեղի է ունեցել երկու գերատեսչությունների ղեկավար կազմերի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ամրապնդման և զարգացման հարցեր:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Արցախի Հանրապետության պատվիրակությանը՝ հրավերն ընդունելու համար: «Մենք մեծ ակնկալիքներ ունենք մեր համագործակցությունից, քանի որ Արցախը բավականին լուրջ կրթական պոտենցիալ ունի, երիտասարդությունը բացարձակ նվիրված է կրթությանը և գիտությանը: Արցախը կարևոր քայլ է կատարել դեպի որակյալ կրթություն, սակայն կրթության բոլոր աստիճաններում դեռ բավականին անելիքներ ունենք: Ներկայումս շրջանառվում է «Բարձրագույն կրթության մասին» նոր օրինագիծը, որը քննարկվել է նաև Արցախում: Այս ոլորտում առկա է հստակություն մտցնելու հարցը. օրինակ, կողք կողքի գործում են Ստեփանակերտի, Շուշիի և Գորիսի համալսարանները, Կապանում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնաճյուղը, հետևաբար մասնագիտությունների վերաբաշխման, իրար լրացնելու խնդիր ունենք:

Բացի այդ, Արցախում ունենք համաշխարհային ամենաբարձր ստանդարտներին համապատասխանող ուսումնարան, որը ոչ միայն տարածաշրջանում, այլ Եվրոպական միությունում է օրինակելի իր հնարավորություններով` հանրակացարանային համալիր, լաբորատորիաներ և այլն: Կարծում եմ, որ այն միայն Արցախի կարիքները բավարարելու համար չէ. հարավային ամբողջ տարածաշրջանում ճիշտ աշխատելու պարագայում կարող ենք ապահովել լավ արդյունքներ»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ ընդգծելով, որ Արցախի կրթության նախարարության պատվիրակությունը կայցելի նաև դուալ համակարգ իրականացնող միջին մասնագիտական որևէ կրթական հաստատություն՝ տեղում ծանոթանալու վերոնշյալ մեթոդին: Անդրադառնալով հանրակրթության ոլորտին՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ Արցախում պահպանվել է դպրոցների կառավարման կենտրոնացած համակարգը: ՀՀ ԿԳ նախարարը ընդգծել է նաև, որ երկու կողմերն էլ ունեն փոքր կոմպլեկտավորում ունեցող դպրոցների խնդիր, հետևաբար այսպիսի հանդիպումները պետք է դարձնել պարբերական, իսկ եթե կարիք լինի, ստեղծել նաև աշխատանքային խմբեր՝ դրանք մանրամասն քննարկելու համար:

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարը Նարինե Աղաբալյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշել է, որ այս հանդիպման արդյունքում առավել կհստակեցվեն երկու գերատեսչությունների միջև հետագա համագործակցության քայլերը: «Պետք է պարբերաբար հանդիպել, որպեսզի համատեղ իրագործենք բոլոր այն բարեփոխումները, որոնք նախատեսված են: Իհարկե, Արցախի Հանրապետությունը իրավաբանորեն ճանաչված չէ, բայց դա չի կարող մեկուսացման պատճառ հանդիսանալ: Արցախի ինտեգրումը միջազգային գործընթացներին և եվրոպական կրթական տարածքին կատարվում է ՀՀ-ի միջոցով, հետևաբար կարիք ունենք համաձայնեցնելու մեր քայլերը և համատեղ առաջ գնալու: Մեր ազատագրական պայքարը սկսել ենք այն համոզմունքով, որ մեր սերունդների համար ապահովենք լավագույն գործընթացների մատչելիությունը, այդ թվում՝ լավագույն կրթության հասանելիությունը, հետևաբար մեր համագործակցությունը կարող է երկուստեք օգտակար լինել: Խնդիրները նույն են, բայց լուծումները կարող են տարբեր լինել: Օրինակ, այսօր Արցախում մշակվում է նոր ռազմավարական ծրագիր՝ հանրակրթության և մասնագիտական կրթության ոլորտներում: Կարծում եմ՝ բարեփոխումների որոշ ծրագրեր հնարավոր է ավելի հեշտությամբ իրականացնել Արցախում, որի արդյունքը կարելի է տարածել ողջ Հայաստանում»,- նշել է նա:

Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են նաև ««Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի կառավարմանը և ուսումնական գործընթացի կազմակերպմանը «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի մասնակցության վերաբերյալ» համագործակցության համաձայնագիր:

Հանդիպման ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը պարգևատրվել է Արցախի Հանրապետության 30-ամյակի հուշամեդալով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում