Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի օրվա առթիվ

Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Ընտանիքի օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ Հայաստանի եւ Արցախի բոլոր ընտանիքներին, նրանց մաղթում ամենայն լավն ու բարին:

Իմ անկեղծ բարեմաղթանքներն եմ հղում Սփյուռքի հայ գաղթօջախներում մայր հայրենիքի ուրախություններով եւ հոգսերով ապրող մեր քույրերին ու եղբայրներին:

Միաժամանակ, առանձնահատուկ խոսք եմ ուղղում Հայաստանում ապրող բոլոր եղբայր ժողովուրդներին, ում համար ստեղծված են ազգային ինքնության պահպանման բոլոր պայմանները:

Ընտանիքն է հասարակության հիմքը, այնտեղ է հասակ առնում Հայաստանի վաղվա քաղաքացին, այնտեղ են ձեւավորվում մարդկային այնպիսի կարեւորագույն հատկանիշներ, ինչպիսիք են բարությունը, հարգանքը դիմացինի եւ սերը հայրենիքի հանդեպ, հոգեւոր կապն ավագ ու կրտսեր սերունդների միջեւ: Հայ ընտանիքը բացառիկ դեր է ունեցել մեր ազգային ինքնության պահպանման գործում: Նրա ամրությունը, պաշտպանվածությունն ու լավագույն ավանդույթների պահպանումն են երաշխավորելու Հայաստանի վաղվա օրը: Ուստի, ընտանիքին առնչվող բոլոր խնդիրները եղել են եւ պետք է մնան պետության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի օրվա առթիվ, Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի բոլոր օջախներին մաղթում առաջին հերթին խաղաղություն, առողջություն, երջանկություն եւ ամենայն բարիք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում