Մեյը հաստատեց ԵՄ-ի Մաքսային միությունը լքելու Մեծ Բրիտանիայի մտադրությունը

Մեյը հաստատեց ԵՄ-ի Մաքսային միությունը լքելու Մեծ Բրիտանիայի մտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաստատել է Եվրամիության Մաքսային միությունը լքելու Միացյալ Թագավորության մտադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Reuters գործակալությունը:

«Ոչ, Միացյալ թագավորությունը Մաքսային միությունը կլքի ճիշտ այնպես, ինչպես որ մենք լքում ենք Եվրոպական միությունը»,- մայիսի 17-ին ասել է Մեյը՝ ժամանելով Սոֆիա՝ ԵՄ-Արեւմտյան Բալկաններ գագաթնաժողովին: Նա պատասխանել է լրագրողների հարցին, որոնք խնդրել են մեկնաբանել ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններն այն մասին, որ Լոնդոնը մտադիր է Բրյուսելին հայտնել իռլանդական հարցի չլուծվածության պատճառով 2021 թվականից հետո ԵՄ-ի Մաքսային միությունում մնալու պատրաստակամության մասին: «Իհարկե, մենք ԵՄ-ի հետ քննարկելու ենք ապագա մաքսային համաձայնությունները»,– հավելել է նա:

Ավելի վաղ Մաքսային միությունը լքելու ձգտումից հրաժարվելու Մեծ Բրիտանիայի իշխանությունների մտադրության մասին հայտնել էր բրիտանական Daily Telegraph թերթը: Հրատարակության տվյալներով՝ Միացյալ Թագավորության նախարարները համաձայնության են եկել այն հարցի շուրջը, որ Իռլանդիայի Հանրապետության եւ Հյուսիսային Իռլանդիայի (բրիտանական տարածաշրջանի) միջեւ չպետք է խիստ սահման անցկացվի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո: Սակայն դա անխուսափելի է, եթե Լոնդոնը լքի ԵՄ-ի Մաքսային միությունը, որի մեջ մնում է Դուբլինը:

Ավելի վաղ այն մասին, որ Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ի Մաքսային միությունից, հայտարարել էր թագավորության վարչապետ Թերեզա Մեյը: Այժմ, Daily Telegraph-ի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի կառավարության նախարարները համաձայնության եկել մնալու Մաքսային միությունում իռլանդական հարցի պատճառով: Ինչպես հրատարակությանը հայտնել են պաշտոնական աղբյուրները, այն կարող է չլուծված մնալ մինչեւ 2023 թվականը:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում