Շառլ Ազնավուրի ծննդյան տարեդարձը կնշվի համերգային ծրագրով

Շառլ Ազնավուրի ծննդյան տարեդարձը կնշվի համերգային ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ավանդույթի համաձայն` մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի տարեդարձը կնշանավորվի գեղեցիկ համերգով: Միջոցառումը կանցկացվի մայիսի 22-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:

Երգչի ծննդյան 94-ամյակին նվիրված տոնակատարությանը հանդես կգան «Lukas Madoyan’s Band»-ը, «Sonet Band»-ը, «Re Minour»-ը և Ջիվան Գասպարյան կրտսերը: Համերգը կեզրափակի Հայկ Պետրոսյանը` կատարելով Ազնավուրի հանրահայտ ստեղծագործությունները:

1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում ծնվեց Շահնուր (ֆրանսուհի բուժքույրի թեթև ձեռքով՝ Շառլ) Ազնավուրյանը, ով հետագայում դարձավ ֆրանսահայ նշանավոր շանսոնյե, երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը:

«1923 թվականի աշնան նորույթն իսկապես արտասովոր էր, մայրիկը հղի էր: Այդ արտակարգ նորությունն իմանալուն պես Միշան ու հայրը փակում են ռեստորանը, մտերիմների հետ որոշում նշել «Կովկասի» գինու, վոդկայի գետերով, նման դեպքում անխուսափելի ուրախության արցունքներով…Երրորդ բաժակից հետո նրանք վճռում են, որ նորածինը արու զավակ է լինելու, յոթերորդից հետո՝ դառնալու է հաղթանդամ, գեղեցիկ ու առնական տղամարդ, տասնմեկերորդից հետո՝ Ազնավուրյան տոհմանունը տարածելու է աշխարհով մեկ… վերջում թառով սկսում են գովերգել դեռ չծնված երեխային: Մի խոսքով՝ երկու տղամարդ գինու մեջ գտնում են ճշմարտությունը, հարբածության մշուշոտ երկնակամարում կանխագուշակում Շառլի ապագան, որը գրեթե նույնությամբ պիտի իրականանար, այն չնչին տարբերությոններով, որոնք հավանաբար ձեր աչքից էլ չվրիպեցին». հատված Աիդա Ազնավուր-Կառվարենցի «Ափարիկս» գրքից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում