Արցախում գայլերի հարձակումից տուժած երեխաների վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության

Արցախում գայլերի հարձակումից տուժած երեխաների վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի համայնքներում մայիսի 28-ին արձանագրված գայլի հարձակման հետևանքով տուժած երեք երեխաները ստացել են հակակատաղության և փայտացման դեմ պատվաստումներ: Երեխաների վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության:

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ 2008 թ. Մեծ Թաղեր գյուղում ծնված Տիգրան Խաչատուրի Խամփերյանը «Արևիկ» մանկական բուժմիավորում է ընդունվել ազդրի միջին երրորդականի՝ գայլի կծած վերքերով, 2014 թ. Մեծ Թաղեր գյուղում ծնված Արինա Վալերիկի Մարգարյանն ընդունվել է դեմքի և գլխի մազածածկ շրջանի՝ գայլի կծած վերքերով: 2000 թ. Տումի գյուղում ծնված Կամո Կառլենի Գասպարյանը բուժկենտրոն է ընդունվել դեմքի և աջ սրունքի միջին երրորդականի՝ գայլի կծած վերքերով:

Ավելի ուշ նույն միջադեպի հետևանքով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հադրութի շրջանային բուժմիավորում է դիմել նաև 1977 թ. Տումի գյուղում ծնված Լյովա Սուրենի Արզումանյանը՝ աջ վերին վերջույթի թաթի դրսային մակերեսի քերծված վերքերով:

Տուժածներին կշարունակեն պատվաստումները համաձայն ուղեցույցների` ըստ ժամանակացույցի: Նրանք դեռ հիվանդանոցում կմնան մեկ-երկու շաբաթ, սակայն առաջիկա ամիսներին կլինեն բժիշկների հսկողության տակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում