Արցախի պետական նախարարն ընդունել է ԱՄՆ Նևադա նահանգում ՀՀ պատվո հյուպատոսին

Արցախի պետական նախարարն ընդունել է ԱՄՆ Նևադա նահանգում ՀՀ պատվո հյուպատոսին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ընդունել է ԱՄՆ Նևադա նահանգում ՀՀ պատվո հյուպատոս Ադրուշան Արմենյանին: Այս մասին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրին՝ պետական նախարարը կարևորել է ԱՄՆ նահանգների կողմից Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացի և Միացյալ Նահանգների հետ երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը: Այդ գործում ունեցած մեծ ներդրման համար Ա. Հարությունյանը իր երախտագիտությունն է հայտնել ամերիկահայությանը, մասնավորապես՝ Նևադա նահանգի հայկական գաղութին: Պետնախարարն ընդգծել է նրանց գործուն դերը հատկապես Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման հարցում:

Հանդիպման ընթացքում ՀՀ պատվո հյուպատոսը Ա. Հարությունյանին է փոխանցել գիրք և հուշանվեր ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում գտնվող՝ Հայոց Ցեղասպանության 100 ամյակին նվիրված հուշակոթողի մասին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Արցախի տնտեսական ներուժի, ներդրումային մի շարք ծրագրերի և դրանց իրագործման հնարավորությունների մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում