Կորյուն Նահապետյանն անհանգստացնող է համարում Արցախում ծավալվող իրադարձությունները

Կորյուն Նահապետյանն անհանգստացնող է համարում Արցախում ծավալվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը անհանգստացնող է համարում Արցախում տեղի ունեցող իրադարձությունները: «Ես հույս ունեմ, որ կլինի այնպիսի լուծում, որը կբխի Արցախի ժողովրդի անվտանգության շահերից, որը կարծում եմ՝ չափազանց կարևոր է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Նահապետյանը:

Հարցին՝ ինչի՞ արդյունք է Արցախում հասունացած բողոքը, Նահապետյանը պատասխանեց. «Որքանով տեղյակ եմ՝ բողոքն առաջացել է կոնկրետ միջադեպի հետ կապված, և այդ միջադեպի մասով որոշակի արձագանքներ են եղել: Հուսանք, որ իրականում կունենանք այնպիսի կարգավորում, որը որևէ վտանգ չի ստեղծի Արցախի ժողովրդի և պետության անվտանգության համար»,- ասաց պատգամավորը:

Հարցին՝ Արցախում բողոքի ելած քաղաքացիները պահանջում են ուժային կառույցների հրաժարականը, որքանո՞վ դա կարող է սպառնալ Արցախի անվտանգությանը, Նահապետյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ կարող է ստեղծվել»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե որո՞նք են ռիսկերը, որ կարող են անվտանգության համար սպառնալիք ստեղծել, պատգամավորը պատասխանեց, որ հիմնական ռիսկն անկայունությունն է, որից օգտվելու հնարավորություն կարող է ունենալ Ադրբեջանը:

Նահապետյանը նաև կարծիք հայտնեց, որ Արցախում ստեղծված իրավիճակին որոշակի գնահատականներ պետք է հնչեն նաև Հայաստանի իշխանությունների կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում