«Իրենք դի՞րքն այրեցին, թե՞ այրեցին մի այլ բան, որն այդ դիրքի մոտ էր, ես չեմ կարող ասել». Թևան Պողոսյան

«Իրենք դի՞րքն այրեցին, թե՞ այրեցին մի այլ բան, որն այդ դիրքի մոտ էր, ես չեմ կարող ասել». Թևան Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, 168.am: «Պատերազմը չի ավարտվել, մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում ու դրան համապատասխան պետք է մեր քայլերն ու վարքագիծը հաշվարկենք, հասկանանք՝ ինչ պետք է անենք, որ կարողանանք մեր հայկական շահերը տանենք առաջ և հաղթենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը։

Նրա կարծիքով՝ իրավիճակի լարումը կապված էր այն բոլոր «ժողովրդավարական և հեղափոխական գործընթացների հետ, որ Հայաստանում տեղի էին ունենում». «Բայց այնպես չէ, որ Ադրբեջանը մինչ այդ էլ այլ վարքագիծ ուներ։ 2016 թվականի ապրիլից սկսած՝ այլևս բանակցային գործընթաց չկար, կար ընդամենը երկու հանդիպում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, պայմանավորվածություններ էին ձեռք բերվել, որոնք այդպես էլ կյանքի չկոչվեցին, դրանից հետո երկրները մտել էին ընտրական փուլեր, ու արդյունքն այն է, որ այս ժամանակահատվածում Ադրբեջանն ամբողջովին զարկ էր տվել իր ռազմական հզորությունների կամ կարողությունների բարձրացմանը։ Մենք էլ պետք է համապատասխան ձևով գիտակցենք, որ այն բոլոր գործընթացները, որ տեղի են ունենում մեր երկրում, պետք է միտված լինեն մեր անվտանգության բարձրացմանը, համապատասխան սցենարների հաշվարկմանը և դրանց պատրաստվելուն։ Լավագույն պաշտպանության ձևը շատ ժամանակ նախահարձակ լինելն է։ Ոչ թե դու պետք է միայն մտածես, թե ինչպես տանկով նախահարձակ լինես կամ այլ զինատեսակով, այլ՝ նախահարձակ լինես քո որոշումներում, գործողություններում, նաև տեղեկատվական պատերազմի բաղադրիչում, որտեղ մենք կարող ենք իսկապես մեծ դերակատարում ունենալ»։

Թ. Պողոսյանը գտնում է՝ Նախիջևանի սահմանին տեղի ունեցածն ադրբեջանցիների կողմից առիթից օգտվել էր. «Ես չէի հասկանա՝ եթե նմանատիպ իրավիճակ լիներ Ադրբեջանում, ու մենք այդ առիթից չօգտվեինք։ Դու պատերազմի մեջ ես, ճակատամարտի մեջ ես, դու պետք է պատրաստ լինես։ Եթե կա առիթ, պետք է օգտվել։ Իրենք փորձեցինք օգտվել, այս ձևով օգտվեցին, մերոնք կարողացան համապատասխան ձևով դիտարկեն, պահեն, այլ հաշվարկներն անեն»։

Հարցին՝ Հայաստանի պատասխանը համարժե՞ք էր, Թ. Պողոսյանը պատասխանեց, որ դա զինվորականները պետք է ասեն։ «Իրենք դի՞րքն այրեցին, թե՞ այրեցին մի այլ բան, որն այդ դիրքի մոտ էր, ես չեմ կարող ասել»,- նշեց բանախոսը՝ հավելելով, որ պետք է վստահել իշխանություններին այս հարցում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում