Հայաստանի և Իրանի մաքսային մարմինները դյուրացնում են երկկողմ առևտուրը

Հայաստանի և Իրանի մաքսային մարմինները դյուրացնում են երկկողմ առևտուրը

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Պետական եկամուտների կոմիտեի և Իրանի մաքսային վարչության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային փոխադրումների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին արձանագրությունը հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագրին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման, արձանագրության հաստատմամբ հիմքեր են ստեղծվում Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների կողմից մաքսային բնագավառում իրականացվող համագործակցության ընդլայնման ու խորացման համար: Արձանագրությունը նախատեսում է տրանսպորտային միջոցների և ապրանքների մաքսային ընթացակարգերի իրականացման ընթացքում էլեկտրոնային տվյալների մշակում և նախնական փոխանակում: Հայաստանի մաքսային ծառայության համար սույն արձանագրության հաստատումը կարևորվում է նաև երկկողմ առևտրի անվտանգության պահպանման և օրինական առևտրի դյուրացման շրջանակներում:

«Վերոհիշյալ փաստաթղթի հաստատմամբ առավել կամրապնդվի կապը երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների միջև, ինչն էլ իր դրական ազդեցությունը կունենա Իրանից ՀՀ ներմուծման և ՀՀ-ից Իրան արտահանման ժամանակ մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման, առկա խնդիրների առավել արագ և օպերատիվ լուծման վրա»,– ասված է հիմնավորման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում