Պատժամիջոցը չուշացավ. Հայաստանում ՄՌՏ մեթոդի հիմնադիրն ահազանգում է

Պատժամիջոցը չուշացավ. Հայաստանում ՄՌՏ մեթոդի հիմնադիրն ահազանգում է

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Armlur.am: Առողջապահության նախարարությունից ստացանք ցուցում դադարեցնելու լիցենզավորված գործունեությունը։ Զուգադիպություն է, թե՞ օրինաչափություն: Ամեն անգամ ընդվզելով առողջապահության նախարարների Պետպատվերը կամայականորեն վերաբաշխելու դեմ, որն ի հաշիվ ուրիշների ուղղվում էր դեպի իրենց սեփական բիզնեսները, առնչվում էինք զարմանալի զուգադիպությունների:

Ժամանակին դրանք հասնում էին զավեշտի. շտապօգնության մեքենաներին արգելվում էր «Ուլտրաիմիջինգ» ԲԿ-ի հարակից փողոցով երթևեկելը, Պետգույքը պահանջում էր ազատել վարձակալած տարածքները, նոր տարածքում 6 ամիս լիցենզիա չէր տրամադրվում, ինչի հետևանքով մեր վնասները գերազանցում էին 100 մլն դրամը, իսկ պարտքերի պատճառով ՊԵԿ-ը արգելանք էր դնում մեր հաշիվներին: Բայց չէ որ մենք արել էինք մոտ 1 մլն դոլարի ներդրում և ունեինք վարկը սպասարկելու խնդիր:

Դրան զուգահեռ իջեցվում էին Պետպատվերի պայմանագրային գները՝ ինքնարժեքին մոտեցնելու պատրվակով և այլևս 10 տարի չինդեքսավորվելով նրանք հավասարվում էին ինքնարժեքին:

Այդ ֆոնին մոտ 2 տարի առաջ անսպասելիորեն՝ շրջանցելով ինքնարժեքի հաշվարկները, գները նվազեցվեցին ևս 30%-ով՝ ելնելով իբրև շուկայի պահանջներից։ Կասկածներ կային, որ դրանով նախարարի ապահովագրական ընկերության համար այլ տնտեսվարողների հաշվին շահույթ ունենալու հիմքեր ստեղծվեցին:

Միաժամանակ, որպես Պետպատվերի անբաժանելի մաս, մեզ հրամցվեցին կարտելային համաձայնագրին նմանվող անսակարկելի նույնատիպ ապահովագրական պայմանագրեր: Քանի որ նախարարության գրեթե ողջ աշխատակազմը վերածվել էր ապահովագրական գործակալների, մեր բողոքները մնում էին անպտուղ, իսկ որպես ռադիոլոգիայի գլխավոր մասնագետ նախարարի հետ հանդիպելու բազմաթիվ փորձերս՝ ապարդյուն: Մեր բողոքներից քիչ անց հետևեց պատժամիջոց: Միգուցե զուգադիպություն էր, և պատճառը ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի հետամուտ լինելն էր: Բոլոր դեպքերում անսպասելի տեղեկացանք, որ այլևս գլխավոր մասնագետ չեմ: Փա՜ռք Աստծո, այս անգամ թեթև պրծանք:

Մինչ այդ Հայաստանի առողջապահություն առաջին անգամ ներմուծվել և մրցակիցների դեմ կիրառվել էր սև փիարի մեթոդը, ազգաբնակչությանը մոլորեցնող ծուղակային «մատչելի» գնագոյացումը և ջունգլիների օրենքներին բնորոշ ագրեսիվ մարքեթինգը: Նույն ոճով որպես նորարարություն՝ հավանաբար մրցակիցներին շուկայից դուրս մղելու նպատակով, տարբեր գերատեսչություններ նամակներ էին ստանում, որոնց հետքերով զանազան ստուգող և վերահսկիչ կազմակերպություններ մեկը մյուսի հետևից «Ուլտրաիմիջինգ» ԲԿ-ից անհեթեթ բացատրություններ էին պահանջում: Չբավարարվելով այս ամենով՝ նոր նախարարը վերջերս ևս 30%-ով մեր մասով իջեցրեց Պետպատվերի փոխհատուցման գները, որոնք ի դեպ իր կողմից նախկինում բողոքարկվում էին: Ի՞նչ մի հանցանք էր, որ համարձակվեցինք դրա համար քննադատել նախարարությանը:

Դե կներե՛ք, մենք կարծում էինք, որ ժամանակները փոխվել են, և պատժամիջոցներ չեն հետևի, բայց ցավոք պատրվակ գտնվեց և դրանք չուշացան: Վա՞տ է, որ Շիրակում ներդրում ենք արել՝ շահագործման հանձնելով ՄՌՏ սարքավորում: Ինչո՞ւ պետք է դադարեցնենք գործունեությունը:

Մինչդեռ եթե նախարարը ավելի խոհեմ լիներ, ապա կկարևորեր ամեն մարզում թեկուզ 1-ական ՄՌՏ և ԿՏ ունենալը՝ անկախ դրանց հզորությունից և կհետևեր «Մի´ վնասիր» կարգախոսին ու չէր բացարձականացնի սեփական կամ այլոց կարծիքը: Նա կապավիներ ամենաբարձր ապացուցողական սկզբունքով կատարված հետազոտությունների տվյալներին՝ ծանոթանալով «Magnetic Resonance» ամսագրի 2017թ. վերլուծությանը և կիմանար, որ աշխարհի անգամ ամենազարգացած երկրներում մոտ 30% հետազոտությունները կատարվում են ցածր հզորության սարքավորումներով։ Ուստի նա չէր պայքարի այդ սարքերի դեմ՝ փորձելով լինել «Հռոմի պապից ավելի կաթոլիկ», այլ կաներ համապատասխան հետևություն՝ կենտրոնանալով ախտորոշումների և մասնագետների որակի վրա:

Հատկապես վերջին ռեյթինգային սոցհարցումներից հետո՝ հաշվի առնելով, որ նախարարները «հողմերի պես» և ձախորդ օրերի նման «կուգան ու կերթան», միգուցե բարի համբավ թողնելու տեսակետից իմաստուն կլիներ կարգավորել (իր մասով) դեֆորմացված շուկան, վերանայել գնային քաղաքականությունը՝ վերադարձնելով նախկին թեկուզև 10 տարի չինդեքսավորված Պետպատվերի 2016թ.-ի մինչև չորրորդ եռամսյակը գործող փոխհատուցման գները, ու քննարկում սկսեր՝ դառնալով ավելի կանխատեսելի և հուսալի գործընկեր: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի վեկտորը՝ միջին օղակից դեպի բժիշկները, «դուխով» շրջեր հակառակ ուղղությամբ:

Եվ քանի դեռ ձեռքերը ոլորելու և պարտադրելու մթնոլորտը չի վերացել ու չեն վերանայվել Պետպատվերի նվաստացուցիչ գները, մենք ներողություն ենք խնդրում առաջին հերթին Շիրակի և մոտակա տարածաշրջանի ազգաբնակչությունից և հրաժարվում ենք 2018թ.-ի տարեվերջյան Պետպատվերի լրացուցիչ ֆինանսավորումից:

ՀՀ-ում ՄՌՏ մեթոդի հիմնադիր,

«Ուլտրաիմիջինգ» «ԲԿ»-ի համասեփականատեր,

բժիշկ-ռադիոլոգ՝ Արամ Քոչարյան

Հ.Գ. Հորդորում ենք Առողջապահության Նախարարությանը ժամ առաջ հանել «Ուլտրաիմիջինգ» ԲԿ-ի լիցենզավորված գործունեությունը շարունակելու արգելանքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում