Թուրքիան Ուգանդայում իր դեսպանին հետ է կանչել հունական աստվածուհու զգեստ հագնելու պատճառով

Թուրքիան Ուգանդայում իր դեսպանին հետ է կանչել հունական աստվածուհու զգեստ հագնելու պատճառով

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ԱԳՆ-ն Ուգանդայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Սեդեֆ Յավուզալփին հետ է կանչել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Դեսպանին հետ կանչելու պատճառը եղել է այն, որ նա Թուրքիայի Հանրապետության 95-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հունական աստվածուհու զգեստ է կրել:

Դեսպանը տոնակատարությանը հագել է հունական դիցաբանության գլխավոր աստված Զևսի դստեր՝ Հեղինեի հանդերձանքին նման հագուստ:

Դեսպանատան քարտուղարն էլ հանդես է եկել Զևսի կերպարով:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում հայտնել է, որ դեպքի վերաբերյալ հետաքննություն է սկսվել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում