ԱԺ մի քանի պատգամավորներ առաջարկում են Հայ առաքելական եկեղեցու տարածքներում արգելել հավաքների անցկացումը

ԱԺ մի քանի պատգամավորներ առաջարկում են Հայ առաքելական եկեղեցու տարածքներում արգելել հավաքների անցկացումը

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Միհրան Հակոբյանը և Կարինե Աճեմյանն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում են արգելել Հայ առաքելական եկեղեցու տարածքներում հավաքների անցկացումը, եթե չկա եկեղեցու համաձայնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում «Հավաքների ազատության մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց համահեղինակ պատգամավոր Միհրան Հակոբյանը:

«Հավաքները պետք է անցկացվեն նախագահի, ԱԺ-ի, կառավարության նստավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը, ինչպես նաև պետք է արգելվեն Հայ առաքելական եկեղեցու սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներում, եթե չկա եկեղեցու համաձայնությունը: Եկեղեցին մեր ազգային ինքնության պահպանման գործում բացառիկ դերակատարություն ունի: Հավաքների ազատության մասին 2011թ. օրենքը որևէ կերպ չէր կարգավորում այս խնդիրը»,-ասաց Հակոբյանը:

Նրա կարծիքով՝ վերջին շրջանում Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ տեղի են ունեցել ոտնձգություններ, և ժամանակն է, որ այս խնդիրը կարգավորվի: Նախագծի ընդունման դեպքում օրենքի ուժով կկարգավորվի Հայ առաքելական եկեղեցուն սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքներւմ հավաքների անցկացումը, ինչը թույլ կտա հաշվի առնել եկեղեցու կարծիքն իր տարածքներում հավաքների անցկացման վերաբերյալ:

«Նախագծի ընդունման դեպքում կչեզոքացվեն այդ տարածքներում հասարակական կարգը խախտելուն միտված և կրոնական հիմքով անհանդուրժողականության մթնոլորի ձևավորման հետ կապված վտանգները»,-եզրափակեց պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում