Աշոտյանը թվարկեց, թե ինչը պետք է մտահոգի ՀՀ քաղաքացուն

Աշոտյանը թվարկեց, թե ինչը պետք է մտահոգի ՀՀ քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը քարոզարշավի մեկնարկն ազդարարեց համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում գտնվող Արփինե Հովհաննիսյանի ու հինգերորդ հորիզոնականում գտնվող Արմեն Աշոտյանի համատեղ ասուլիսում՝ ներկայացնելով նախընտրական ծրագիրը։

«Ուզում եմ շնորհավորել բոլոր քաղաքական ուժերին, բոլոր թեկնածուներին քարոզարշավի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ։ Ուզում ենք մաղթել հաջողություն բոլոր ուժերին ու թեկնածուներին։ Քարոզարշավի մեկնարկին կոչ ենք անում հետևել գրված ու չգրված օրենքներին, հատկապես չգրված օրենքներին»,-հայտարարեց կուսակցության փոխնախագահ Աշոտյանը։

Նա նշեց, սովորաբար հասարակությունը մասերի էր բաժանվում քվեարկության արդյունքներից հետո, այսօր իրավիճակն այլ է, տրոհված հասարակությամբ ենք գնում ընտրությունների։

«Հուսամ, ընտրություններից հետո կունենանք համախմբված հասարակություն, միաժամանակ բազմաշերտ ու բազմակարծիք»,-նշեց նա։

ՀՀԿ-ում կարևորում են, որ քարոզարշավը լինի հնարավորինս բովանդակային, քաղաքական, ոլորտային։

«Չասեք, թե մենք միամիտ ենք, բայց կարծում ենք, որ քաղաքական հաջողության թիվ մեկ գրավականը պետք է դառնա քաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը։ Մենք պատկանում ենք այն եզակի քաղաքական ուժերի թվին, որոնք ունակ են ստեղծել քաղաքական բովանդակություն, և մենք հպարտ ենք մեր ծրագրով»,-նշեց նա։

Անդրադառնալով նախընտրական ծրագրին, ՀՀԿ-ականն ասաց՝ այն ունի «Եթե մտահոգ ես, ընտրիր ՀՀԿ-ին» խորագիրը, բաղկացուցիչ մասն է կազմում ՀՀԿ խորհրդի վերջին հայտարարությունը, որոշ բաներ վերցված են կուսակցության՝ 2017-ի նախընտրական ծրագրից։

«Ինչո՞վ պետք է մտահոգ լինի ՀՀ քաղաքացին. Հայաստանի անվտանգությամբ, Արցախի ապագայով, բանակի մարտունակությամբ, սահմանների ամրությամբ, նոր թանկացումներով, սոցիալական խնդիրներով, աշխատանքը կորցնելով, ավանդական արժեքների այլասերմամբ»,-թվարկեց ՀՀԿ-ական գործիչը։

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ անդրադարձավ իրենց ուղղված քննադատություններին, նշեց, լավի մասին լռում են, թերությունները չափազանցնում են, խոստումներ են տալիս ու չեն կատարում։

«Ապագայի մասին շենշող խոստումներ են տվել, լավ եք ապրելու, աշխատավարձեր են բարձրացվելու, թոշակներ են բարձրացվելու։ Խոստումները երկու մասի կարելի է բաժանել, որոնք տրվել են ու չեն կատարվել, չեն էլ կատարվելու։ Պոպուլիզմ չհամարեք՝ կարմիր գծեր, արագաչափեր, կուտակային կենսաթոշակներ և այլն։ Կարելի էր ինչ-որ մի փուլում ասել՝ ճիշտ չենք արել, որ քննադատել ենք, ճիշտը պահելն էր։ Բայց չեն արել։ Խոստումների հաջորդ խումբը հնչում է ցանկության պես, կբարձրանա աշխատավարձ, բայց չկա ուղին, թե ինչպես պետք է կատարվեն։ Երբեմն երբ ուղին բացահայտում են, ավելի մտահոգիչ է դառնում»,-ասաց Հովհաննիսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում