Նոր Ազգային ժողովն ու կառավարությունն աշխատելու են պատասխանատվության մեծ տիրույթում. ՀՀ նախագահ

Նոր Ազգային ժողովն ու կառավարությունն աշխատելու են պատասխանատվության մեծ տիրույթում. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Դեկտեմբերի 9-ին մեր երկրում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացած իրողություն են, որի արդյունքում ձևավորվելու են իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերը, ԱԺ ընտրությունների առթիվ տարածած ուղերձում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, որոնք, հաղթահարելով օրենքով նախատեսված շեմը, կազմավորելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը: Միաժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցություններին ու դաշինքներին, ինչպես նաև Հայաստանի բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց վերաբերմունքն արտահայտեցին երկրի ապագայի նկատմամբ:

Այս ընտրությունները, որպես համապետական քաղաքական գործընթաց, առաջինն են մեր երկրում տեղի ունեցած գարնանային մեծ փոփոխություններից հետո: Նորընտիր Ազգային ժողովն ու կառավարությունն աշխատելու են պատասխանատվության մեծ տիրույթում: Մաղթում եմ նրանց հաստատակամություն և եռանդ՝ իրենց ծրագրերն իրականացնելու ճանապարհին:

Հայրենիքը հզորանում, իսկ նրա պատմությունը ստեղծվում է բոլորիս ամենօրյա քրտնաջան աշխատանքով: Բոլորի՛ս պարտքն է ողջ ուժերը ներդնել ի շահ երկրի ու ժողովրդի, հանուն ուժեղ Հայաստանի և Արցախի հանրապետությունների, համայն հայության և Հայաստանի բոլոր քաղաքացիների: Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին»,- ասված է ՀՀ նախագահի ուղերձում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում