ԱՀ Զինված ուժերը կհամալրվեն ժամանակակից զինտեխնիկայով. Բակո Սահակյան

ԱՀ Զինված ուժերը կհամալրվեն ժամանակակից զինտեխնիկայով. Բակո Սահակյան

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Artsakhpress.am: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Խորհրդարանում կայացած լիագումար նիստին ասել է Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը՝ մանրամասնելով, որ դա կապահովվի հիմնականում արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի և քաղաքաշինության զարգացումը խթանող մի շարք ծրագրերի և միջոցառումների շնորհիվ:

«Բյուջեում արտացոլված են մեր երկրի տնտեսական զարգացման հիմնարար սկզբունքները, որոնց բաղադրիչներն են դինամիկ եւ համաչափ զարգացող տնտեսությունը, ներհայկական տնտեսական ինտեգրացիայի բարձր աստիճանի ապահովումը եւ սոցիալական պետության կարևորագույն ատրիբուտների պահպանումը: Առանձին ուշադրության կենտրոնում եղել եւ մնում են բանակաշինության, անվտանգության, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ոլորտները: Այսուհետ էլ արվելու է հնարավոր ամեն ինչ բանակի մարտունակության հետևողական բարձրացման, զինված ուժերը ժամանակակից զինտեխնիկայով համալրման, քաղաքացիական պաշտպանության համակարգի ամրապնդման ու արդիականացման, զինծառայողների, վետերանների եւ հաշմանդամների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ: Ուզում եմ ընդգծել, որ բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ԱԺ խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից ներկայացվել են 100-ից ավելի գրավոր առաջարկություններ, որոնք քննարկվել են կառավարության կողմից: Դրանց մի մասը ընդունվել և ներառվել է բյուջեի նախագծի վերջնական տարբերակում: Կան առաջարկներ, որոնք թեև չեն ընդգրկվել պետական բյուջեի նախագծի մեջ, սակայն արժանի են հատուկ ուշադրության, և մի շարք գաղափարներ հաշվի կառնվեն ֆինանսատնտեսական քաղաքականության և տարբեր ծրագրերի իրականացման ընթացքում: Մի շարք այլ առաջարկներ հնարավոր չէր ընդգրկել բյուջեի նախագծում՝ հաշվի առնելով առկա հնարավորությունների աստիճանը: Դրանք պարտադիր կերպով կուսումնասիրվեն, և հնարավորությունների սահմաններում անդրադարձ կկատարվի այդ խնդիրների լուծման տարբերակներին»,- նշել է Բակո Սահակյանը:

Հանրապետության Նախագահի խոսքով՝ 2019 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է տնտեսության ճյուղերի զարգացմանն ուղղված բյուջետային հատկացումների զգալի ավելացում 6.5 տոկոսով՝ ապահովելով առաջանցիկ աճ ընդհանուր ծախսերի աճի նկատմամբ:

«Գյուղատնտեսության ոլորտում բյուջեի նախագծի ձևավորման ընթացքում հիմնական շեշտը դրվել է ինտենսիվ զարգացման, հայեցակարգային մոտեցումների վրա, մասնավորապես՝ ոռոգման ոլորտում, որտեղ ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրման համար նախատեսված է 600 միլիոն դրամ, արտեզյան ջրհորների կառուցման և վերանորոգման ծրագրի համար՝ 400 միլիոն դրամ: Պետության տնտեսական քաղաքականության իրականացման գործում մեծ սպասելիքներ ունենք էներգետիկայի ոլորտից, որի շարունակական զարգացումը խթան կհանդիսանա տնտեսության այլ ոլորտների առաջընթացի ապահովման համար: Հանրապետության տնտեսական առաջընթացի ապահովման համար կարևոր ուղղություններից է մնում ենթակառուցվածքների զարգացումը, որտեղ հատուկ տեղ է հատկացվում ճանապարհատրանսպորտային ցանցի կառուցմանն ու արդիականացմանը: Ավելի քան 9 տոկոսով ավելացել է կապիտալ ներդրումների ծրագիրը: 2019 թվականի բյուջեով զգալի միջոցներ է նախատեսվել բնակչության համար կենսական պահանջ հանդիսացող բնակարանային ապահովվածության խնդիրները լուծելու համար: Պետությունը կշարունակի հատուկ ուշադրության կենտրոնում պահել սոցիալական ոլորտը»,- նշել է Բակո Սահակյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում