«Խտրականության մասին» օրենք, թե՞ արժեքների կործանում

Մինչ հասարակությունն ու լրատվամիջոցները իրենց ուշադրությունը կենտրոնացրել են Խաչիկ Ստամբուլցյան – Կարեն Անդրեասյան «լեզվակռվի» վրա, ՄԻՊ գրասենյակի կողմից պատրաստած «Խտրականության մասին» օրենքի նախագիծը նոր կողմնակիցներ է ձեռք բերում: Այսօր, այդ նախագծին օրենքի ուժ տալու գաղափարին աջակցություն է հայտնել նաև «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Վերջինս, մեկնաբանելով արդեն իսկ հիշատակված «լեզվակռիվը», Facebook սոցիալական ցանցում կարծիք է հայտնել, որ օրենքի նախագիծը «ոչ թե պարզապես անշառ է, այլ կարեւոր է հենց մեր համաքաղաքացիների իրավունքների պաշտպանության տեսակետից եւ ընդունման ենթակա»: 

Մինչդեռ «Խտրականության մասին» օրենքի նախագիծը ոչ միայն խնդրահարույց է, այլև վտանգավոր: Իսկական չարիք հասարակական բոլոր ինստիտուտների համար: Այստեղ խոսքը հոմոսեքսուալիստների և սեռական այլ փոքրամասնությունների իրավունքների մասին չէ: Ճիշտ հակառակը’ տվյալ օրենքը վերածում է նրանց պետական և հասարակական տարբեր ինստիտուտների դեմ օգտագործվող գործիքի: Եվ ոչ ավելին:

Վերոնշյալը հաստատելու համար փորձենք դիտարկել օրենքի նախագծի մի քանի կետ.

Հոդված 7. Խտրականության արգելքը
4. Գործատուն պատասխանատվություն է կրում սույն օրենքի խախտմամբ աշխատավայրում տեղի ունեցող խտրականության ցանկացած դրսևորման համար:
Այն ներառում է մյուս աշխատակիցների, գործատուի գործակալների կամ հաճախորդների կողմից դրսևորված հետապնդումները: Գործատուն ազատվում է աշխատավայրում հետապնդումների համար պատասխանատվությունից, եթե կարող է ապացուցել, որ ձեռնարկել է ողջամիտ, գործնական քայլեր հետապնդումները կանխելու կամ վերացնելու ուղղությամբ:

Ենթադրենք գործատուն որևէ հանրակրթական դպրոցի տնօրեն է, և այդ հաստատությունում, օրինակ, ուսուցչի և ծնողի կամ աշակերտների մասնակցությամբ որևէ միջադեպ է տեղի ունեցել, որը նույն օրենքի այլ հոդվածներով կարող է խտրականություն ընկալվել: Ի՞նչ է տեղի ունենալու այս դպքում: Պատասխանն ակնհայտ է. պատասխանատվության է ենթարկվելու տնօրենը: Անգամ, եթե նա այդ պահին դպրոցում չէ: Նման պատասխանատվությունից խուսափելու համար նա ընդամենը մեկ ճանապարհ ունի’ կազմակերպել համասեռամոլների նկատմամբ հանդուրժողականության դասընթացներ, «ողջամիտ, գործնական քայլեր հետապնդումները կանխելու կամ վերացնելու ուղղությամբ»: Այսինքն’ դպրոցներում աշակերտներին պետք է սովորեցնել, որ համասեռամոլությունը վատ բան չէ և պետք է հանդուրժել այդ երևույթը: Նույնը վերաբերվում է նաև պետական և ոչ պետական բոլոր ձեռնարկություններին, բանակին, խանութներին և այլն, և այլն:

Հոդված 9. Ապացուցման պարտականություն
1.2 Պատասխանող կողմը պարտավոր է ապացուցել խտրական վերաբերմունքի բացակայությունը:

Իրավական առումով չլսված ձևակերպում: Այսինքն ոչ թե տուժողն է ապացուցում պատասխանողի մեղքը, այլ վերջինս պետք է ապացուցի, որ անմեղ է: Օրենքի այս կետը ցանկացած մեկին հնարավորություն է տալիս դատական հայց ներկայացնել, օրինակ, պաշտոնյաների, հրամանատարների և հեղինակություն վայելող այլ անձնաց դեմ և հետո նստել ու սպասել, թե ինչպես է մեղադրվող կողմն ապացուցում իր անմեղությունը:

Հոդված 10. Խտրականության բացառությունները
2. Աշխատանքին ներհատուկ պահանջներ
գ. Անձի կրոնը կամ հավատքը կարող են լինել աշխատանքին ներհատուկ և իրավաչափ պահանջներ եկեղեցիների և այլ պետական կամ մասնավոր հոգևոր կազմակերպություններում, որոնց նպատակները հիմնվում են կրոնի կամ հավատքի վրա, աշխատելու համար: Այսպիսի կազմակերպությունները չեն կարող անձին խտրականության ենթարկել ցանկացած հիմքով:

Ասել է թե, Հայ առաքելական սուրբ եկեղեցին չի կարող մերժել, օրինակ, երկու տղամարդու կամ երկու կնոջ իրար հետ պսակվելու ցանկությունը:

«Խտրականության մասին» օրենքի նախագիծն ամբողջությամբ բաղկացած է նման կետերից: Ավելին’ այնտեղ ներառված են նաև այնպիսի հոդվածներ, որոնք ՄԻՊ-ին պարտադիր ուժ ունեցող որոշումներ կայացնելու և վարչական տուգանքներ կիրառելու հնարավորություն են տալիս, ինչն արդեն հակասում է ՀՀ Սահմանադրության 83.1-ին հոդվածին: Այս ամենից կարելի է միայն եզրակացնել, որ հիշատակված օրենքի նախագիծը երբեք և ոչ մի տեսքով չպետք է մտնի խորհրդարան: Անգամ, եթե այն երկար մշակվի և ձևափոխումների ենթարկվի, միևնույն է գլխավոր գաղափարը կմնա նույնը. այն է օգտագործել սեռական փոքրամասնություններին պետական և հասարակական ինստիտուտների դեմ:

Այսքանից հետո ո՞վ կարող է պնդել, որ օրենքը ենթակա է ընդունման: Հուսով եմ, Խուրշուդյանը տեղյակ չէ, թե ինչի մասին էր խոսում…

 

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում