Մեղրիում ոռոգման ինքնահոս համակարգ կկառուցվի

Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ այցելել է Տաթեւի ճոպանուղու Հալիձորի կայան, որտեղ կայացած խորհրդակցությանը քննարկվել են «Տաթեւի վերածնունդ» ծրագրի իրականացման հետ կապված ընթացիկ հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին «Տաթեւի վերածնունդ» ծրագրի, «ՏաԹեւեր» ճոպանուղու տնօրինության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ, վանական համալիրի հարակից համայնքների ղեկավարներ, ինչպես նաեւ «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների համակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամներ:

Ներկայացվել է վանական համալիրի հարակից տարածքի քաղաքաշինական միջավայրի կանոնակարգմանն ուղղված կառուցապատման նախագիծը, որը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով: «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ներկայացուցիչներն ու համայնքների ղեկավարներն իրենց նկատառումները հայտնել են նախագծի վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախագիծը մեկ անգամ եւս կքննարկի շահագրգիռ մարմինների ու կազմակերպությունների կողմից, եւ ստացված առաջարկությունները հաշվի կառնվեն այն լրամշակելիս:

Քննարկվել են նաեւ «Տաթեւի վերածնունդ» ծրագրում ընդգրկված ութ համայնքներում աղբահանության կազմակերպման, այդ նպատակով անհրաժեշտ միջոցների ներգրավման աղբյուրների, ինչպես նաեւ անտառային հատվածի սանիտարական վիճակի եւ մաքրության պահպանման հետ կապված հարցեր:

Արմեն Գեւորգյանն այնուհետեւ մեկնել է Մեղրիի տարածաշրջան, եղել Մեղրիի ինքնահոս համակարգի կառուցման վայրում: Լեհվազ համայնքի տարածքում, որտեղ պետք է լինի համակարգի գլխամասը, փոխվարչապետին ներկայացվել է ինքնահոս համակարգի նախագիծը:

Մեղրիի ինքնահոս համակարգի կառուցման ծրագիրն իրականացվում է «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի» շրջանակում’ Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ: Նախատեսվում է կառուցել 32 կմ երկարությամբ ինքնահոս համակարգ, որը Մեղիի, Ագարակի եւ հարակից համայնքների համար կապահովվի կայուն ջրամատակարարում, ինչպես նաեւ զգալի կնվազի էլեկտրաէներգիայի ծախսը: Համակարգի կառուցման համար տարածաշրջանում առկա են անհրաժեշտ պայմաններ. նախատեսվում է, որ ջուրը կվերցնի Մեղրի գետից:

Ներկայում տարածաշրջանի ոռոգումն իրականացվում է 18 պոմպակայանների միջոցով, որոնք ջուր են մղում Արաքսից: Պոմպակայաններն արդեն ֆիզիկապես մաշված են, իսկ դրանց շահագործումը բավականին ծախսատար է: Պատասխանատուները տեղեկացրել են, որ առաջիկայում կհայտարարվի շինարարական աշխատանքների մրցույթ, եւ հաղթող ընկերության որոշումից հետո համակարգի կառուցումը կմեկնարկի: Արմեն Գեւորգյանը կարեւորել է աշխատանքների’ ժամանակացույցի համաձայն իրականացումը’ ընդգծելով համակարգի անհրաժեշտությունը տարածաշրջանի գյուղացիական տնտեսությունների համար:

«Ոռոգման համակարգերի բարելավման ծրագիրը», որի վերաբերյալ համաձայնագիրը ԱԺ կողմից վավերացվել է 2013թ. հունիսին, ուղղված է ոռոգման համակարգի արդյունավետության բարձրացմանը: Բացի Մեղրիի ինքնահոս համակարգից, ծրագրով նախատեսվում է նաեւ Քաղցրաշենի եւ Գեղարդալճի ինքնահոս համակարգերի կառուցում:

Փոխվարչապետն այնուհետեւ խորհրդակցություն է անցկացրել Մեղրիի քաղաքապետարանում, որին մասնակցում էին նաեւ տարածաշրջանի համայնքների ղեկավարները: Քննարկվել են համայնքներում իրականացվող ծրագրերին, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին, գյուղմթերքի իրացմանը, աշնան գյուղատնտեսական աշխատանքներին վերաբերող եւ մի շարք այլ հարցեր:

Օգոստոսի 28-ին Արմեն Գեւորգյանը կայցելի մարզկենտրոն Կապան, կծանոթանա այնտեղ իրականացվող ծրագրերի ընթացքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում