Բրիտանական պարբերականը Լևոն Արոնյանին համարում է շախմատի աշխարհի չեմպիոնի գլխավոր մրցակիցը

Խանտի Մանսիյսկում մարտի 13-31-ը աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում հաղթելու հիմնական ֆավորիտը և շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի գլխավոր մրցակիցը շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նման տեսակետ է հայտնել բրիտանական Standpoint պարբերականը: Արոնյանն ինքը ևս վստահ է իր ուժերին: «Ես հավատում եմ, որ լավ կներկայանամ: Բայց դա չի վերաբերում միայն Կարլսենին, ես վստահ եմ, որ հաջողությամբ հանդես կգամ յուրաքանչյուրի դեմ»,- պարբերականին տված հարցազրույցում նշել է նա:Խանտի Մանսիյսկում աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում կպայքարեն նաև Պյոտր Սվիդլերը, Վլադիմիր Կրամնիկը, Վեսելին Տոպալովը, Շահրիար Մամեդյարովը, Սերգեյ Կարյակինը, Վիշվանաթան Անանդը և Դմիտրի Անդրեյկինը: Մրցաշարի հաղթողը հնարավորություն կստանա աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտ անցկացնել ՖԻԴԵ-ի դասակարգման առաջին համար Մագնուս Կարլսենի հետ։ Ամերիկացի շախմատիստ Հիկարու Նակամուրան, թեև չի մասնակցում մրցաշարին, անցած ամիս հայտարարել էր, թե ինքը միակ մարդն է, ով կարող է Կարլսենի «առաջն առնել»: «Ես զգում եմ, որ այս պահին ամենամեծ սպառնալիքը Կարլսենի համար ես եմ ներկայացնում, իսկ Լևոն Արոնյանը չափազանց «մեծ» է Կարլսենին հաղթելու համար»,-ասել է նա:

Արոնյանն ամենևին չի վիրավորվել այդ հայտարարությունից’ բավական իմաստուն գտնվելով և նման խոսակցություններ չվարելով: «Եթե Հիկարուն ինձ չափազանց մեծ է համարում, ապա իրեն նույնպես պետք է մեծ զգա, քանզի ինքն ինձնից այնքան էլ փոքր չէ»,- պարբերականին հայտնել է հայ գրոսմաստյերը:

Ըստ Standpoint-ի’ Արոնյանի գերմրցունակությունը պայմանավորված է նաև նրա յուրհատուկ մշակութային ժառանգությամբ: Ունենալով ազգությամբ հայ մայր և հրեա հայր’ Լևոն Արոնյանը փաստորեն կրում է երկու ցեղասպանված ժողովուրդների ժառանգությունը: «Այդ ժառանգությունը քեզ կոփում է դիմակայել խոչընդոտներին, քանզի դու գիտես, որ դրանք ոչինչ են այն ամենի համեմատ, ինչ կրել են քո ժողովուրդները»,- նշել է Արոնյանը:

Հրեաների պատմական կապը շախմատի հետ լավ հայտնի է, մյուս կողմից ժամանակակից Հայաստանը համարվում է շախմատային աշխարհում առավել ուշագրավ ձեռքբերումների հասած երկրներից: Դեռևս 1963 թվականին Խորհրդային Միության հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը հաղթեց հրեա Միխայիլ Բոտվիննիկին’ դառնալով շախմատի աշխարհի չեմպիոն:

Հայաստանը նաև միակ երկիրն է, ուր շախմատն ընդգրկված է պարտադիր դպրոցական ծրագրում, իսկ հայ գրոսմայստերները աշխատավարձ են ստանում պետությունից: «Ես ինձ ավելի շատ հայ եմ զգում, քան հրեա, թեև իմ բնավորության որոշ կողմեր ավելի շատ բնորոշ են հրեական մշակույթին, այդ թվում’ արվեստին և երաժշտությանը»,- նշել է Լևոն Արոնյանը’ բացատրելով, որ դա է պատճառը, որ ինքն օգտագործում է հայկական’ Արոնյան ազգանունը, հոր Արոնով ազգանվան փոխարեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում