Չկա որևէ ամերիկացի, որ տեղյակ չլինի Հայոց ցեղասպանության մասին.ԱՄՆ կոնգրեսական

Չկա որևէ ամերիկացի, որ տեղյակ չլինի Հայոց ցեղասպանության մասին.ԱՄՆ կոնգրեսական

Ամերիկացի ժողովուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, և մենք հույս ունենք, որ Թուրքիայի կառավարությունը նույնպես կճանաչի այն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նշեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ Էլիոտ Էնգելը: «Մենք այստեղ ենք մեր համերաշխությունը հայտնելու հայ ժողովրդին և իրազեկելու, որ Միացյալ Նահանգները հայ ժողովրդի կողքին է և զորակից»,- ասաց նա’ ընդգծելով, որ անցյալը և ճշմարտությունը հնարավոր չէ ուրանալ: Նշենք, որ հայերի համար այս խորհրդանշական օրը Հայաստան ժամանած կոնգրեսականներ Էլիոտ Էնգելը (Նյու Յորք) և Դեյվիդ Սիսիլինը (Ռոուդ Այլենդ) Ներկայացուցիչների պալատում ներկայացված «Հայոց ցեղասպանության արդարության և ճշմատրության մասին» բանաձևը սատարող 50 կոնգրեսականներից են: Անդարադառնալով բանաձևին’ Դեյվիդ Սիսիլինը նշեց, որ իրենք շարունակելու ենք պայքարը բանաձևի ընդունման և արդարության հաստատման համար:

«Մենք շարունակելու ենք աշխատել մեր գործընկերների հետ բանաձևի ընդունման ուղղությամբ: Շատ կարևոր է, որ Միացյալ Նահանգները օրինակ ծառայեն այս հարցում, ուստի մեր պարտքն է անել ամեն հնարավորը, որ բանաձևն անցնի»,- «Արմենպրես»-ին հայտնեց Դեյվիդ Սիսիլինը:

«Չկա որևէ ամերիկացի, որ տեղյակ չլինի Հայոց ցեղասպանության մասին: Այսօր մեր դպրոցներում մենք դասավանդում և ամենատարբեր հարթակներում շարունակ բարձրաձայնում ենք Հայոց ցեղասպանության խնդրի մասին»,- իր հերթին ասաց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը (Կալիֆորնիա), ում նախաձեռնությամբ Կալիֆորնիայի նահանգը առաջին անգամ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Կոնգրեսականը հանձն առավ Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնել նաև ապագայում’ նշելով, որ եկող տարի’ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, շատ ավելի մեծ պատվիրակություն կայցելի Հայաստան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում