Հայաստանն առաջատար դիրքում է թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշով

Հայաստանն առաջատար դիրքում է թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշով

Հայաստանը տարածաշրջանի և ԱՊՀ երկրներից միակն է, որ ընդգրկվել է ԱՄՆ պետքրատուղարության’ մարդկանց շահագործման վերաբերյալ ամենամյա զեկույցի առաջին խմբում: Այս մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը:

ԱՄՆ պետդեպի 2014 թվականի զեկույցում ընդգրկված 188 երկրներից առաջին խմբում դասակարգվել են միայն 31-ը, դրանց թվում արդեն երկրորդ տարին ա նընդմեջ Հայաստանն է: Կաժոյանի խոսքով, այս ցուցանիշը վկայում է, որ Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ բավարարում է թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին:

Ինչպես նկատեց ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, մեր երկիրը և կառավարությունը մեծ առաջընթաց են արձանագրել թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում:

Չնայած մարդկանց շահագործման դեմ արդյունավետ պայքարին’ թրաֆիքինգի առկայության տվյալներով Հայաստանը շարունակվում է համարվել սկզբնաղբյուր և, ավելի փոքր ծավալով, վերջնակետ երկիր թրաֆիքինգի ենթարկվող տղամարդկանց, կանանց և երեխաների համար, բայց վերջին տարիներին արձանագրվել են նաև ներքին թրաֆիքինգի, ինչպես նաև Հայաստանը որպես տարանցիկ տարածք օգտագործելու դեպքեր: Հայ կանայք և աղջիկները դեռ սեռական թրաֆիքինգի են ենթարկվում երկրի ներսում, Միացյալ Արաբական Էմիրություններում (ՄԱԷ) և Թուրքիայում: Հայ տղամարդիկ դեռ հարկադիր աշխատանքի են ենթ արկվում Ռուսաստանում և, ավելի փոքր ծավալով, Թուրքիայում: ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գկխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Ռոբերտ Գրիգորյանի խոսքով, Ռուսաստանում աշխատանքային շահագործման ենթարկվող անձանց 90 տոկոսից ավելին տղամարդիկ են: Բայց երկրում ուժեղանում է թրաֆիքինգի դեմ պայքարը:

«Թաֆիքինգի դեմ պայքարը մշտապես գտնվում է ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում: Վերջին տարիներին առավել ուշադրության են արժանանում հարկադիր աշխատանքը և աշխատանքային շահագործումը: 2012-2014 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ-ում թրաֆիքինգի հատկանիշներով հարուցվել է ընդհանուր առմամբ 31 քրեական գործ, որոնցով հայտնաբերվել և տուժող են ճանաչվել 39 անձ: Նրանցից 28-ը կանայք են, իսկ 24-ը հանցագործության կատարման ընթացքում եղել են անչափահասներ: Մեղադրանք է առաջադրվել 29 անձի»,- ասաց Գրիգորյանը’ հավելելով, որ թրաֆիքինգից տուժածների թիվը գնալով նվազում է, ինչը հասարակության իրազեկվածության բարձրացման արդյունք է:

ԱՄՆ պետդեպի պատրաստած զեկույցի տվյալներով, որոշ երեխաներ երկրի ներսում աշխատում են գյուղատնտեսության, շինարարության և ծառայությունների մատուցման ոլորտներում: Մարդկանց թրաֆիքինգի առումով խիստ խոցելի են մնում գյուղական բնակավայրերի կրթական ցածր մակարդակ ունեցող տղամարդիկ և խնամատար հաստատությունների երեխաները:

Ըստ վերլուծության, հավաքագրման փուլում Հայաստանում բռնություն չի կիրառվում, այլ բռնությունն սկսվում է շահագործման պահին: Իսկ ՀՀ-ում օտարերկրացիների շահագործման դեպք վերջին անգամ բացահայտվել է 2009 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում