«Պատերազմի ժամանակ սիգարետ թութունից էինք սարքում, իսկ իր մոտ պաչկաներով սիգարետ կար, տղերքինն էր…».Այսօր «լսել» և հիշել են վարպետին

Կոմիտասի անվան պանթեոնում այսօր մեր Նահապետն էր «բարկանում», «հորդորում», «հուզվում», «ամաչում» և այսպես արդեն մեկ տարի:

«Կաշառակերությունը շատ ամոթ, կործանարար բան է, սկսենք դրանից, դա փոխենք հայ հասարակության մեջ, պաշտոնամոլությունն էլ: Ինչո՞ւ փողոցը ճիշտ չենք անցնում, մեր երկիրը մաքուր չենք պահում: Կեղտից, անօրինականությունից ինչպես չեք զզվում: Նոր եմ ծխելը թողել, բայց ծխախոտի մնացորդները երբեք գետնին չեմ գցել: Չի կարելի քայլ անել եւ սպասել արդյունքի: Կուտակումներ են պետք: Յուրաքանչյուր ազնիվ, անկեղծ քայլ չի կորչում. կուտակվում են եւ դառնում որակ…Ինձ հուզում է մեր երկրի ճակատագիրը և դրանից բխող հազար հարցեր: Ի՞նչ կլինի, ո՞ւր կգնանք, ճի՞շտ ենք անում: Ինձ համար ամենագլխավորն իմ երկիրն է:..»:

Այս խոսքերը նրա մահվան տարելիցին եկել էին լսելու  քաղաքական տարբեր ճամբարներում  գտնվող գործիչներ, տարբեր քաղաքական նախասիրությունների մտավորականներ, նախարարներ, իր թատերական տան զավակները և էլի շատերը: Քիչ անց խոսելու հերթը լսողներինն էր. բարձրագոչ, հերթապահ, պաթետիկ ելույթներ: Ոչ մեկին չեմ ուզում վիրավորել, բայց դա այդպես էր և այդպես է միշտ: Իսկ ես սովորությանս համաձայն՝ երբևէ դրանք չեմ ամրագրում թղթի վրա,  ընդամենը հետևում եմ, հետո առանձին զրուցում նրանց հետ, ում խոսքերում  կարելի տեսնել օրվա հերոսին, ոչ թե իրենց՝ դե որ ծանոթ են եղել, նստել, հաց կերել, տվել ու առել…ու փնտրում ես օրվա հերոսին և չես գտնում…

«Ամենաշքեղ սիրամարգի պոչի տակ, թաքնված է սովորական  հավի քամակ, այնպես որ առանց  պաթոսի պարոնայք»,- արձագանքեց բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանն ի պատասախան պաթոսից հոգնելու իմ բարձրաձայնմանը: Այնուհետ շարունակեց, թե Սոս Սարգսյանն ինքն էլ պաթոս չէր սիրում, իսկ դերերում  երբեմն հանդիպողը ռեժիսորների գաղափարն էր, ցանկությունը:

«Մի անգամ մոտեցա, ասի` Սոս, լավ էլի, հերիք ա բիձա-բիձա խաղաս, պատասխանեց` արա` 84 տարեկան եմ: Ասի` է հետո ինչ, էսինչը (անունը չեմ ուզում տամ) 87 տարեկան է, տես ինչ զրնգ է: Ասում ա` նա մարդ չի, նա զոմբի ա: Մի անգամ էլ ընդունելության քննությունների ժամանակ բոլոր` մանավանդ մարզերից եկած երեխաներին լսելուց հետո ասում էր` ընդունված ես, անվճար: Ասում եմ` վարպետ, սաղին անվճար ես ասում, անվճար 6 տեղ ունենք ընդամենը: Ոչինչ, ձեր աշխատավարձից կպահեմ, նրանց կտամ: Լավ հումոր ուներ,  շատ զիլ մարդ էր, շատ էր սիրում ուշունց տալ, ուշունց տվողները լավն են լինում, որովհետև ինչ կա՝ դուրս են հանում: Ես իրան շատ եմ սիրում, ինքն էլ ինձ:  Շատ զիլ մարդ էր, շատ էր սիրում ուշունց տալ, ուշունց տվողները լավն են լինում, որովհետև ինչ կա՝ դուրս են հանում: Հիմա եկել եմ Սոսի գերեզմանին  չէ՞, բայց չկա մոտս ողբի զգացողություն, որովհետև էս մարդն իսկապես ապրեց, էնքան մարդիկ կան, որ ապրում են, բայց վաղուց մեռած են: Իսկ նա մահացել է, բայց մեկ է` կա»,- հիշում է Նիկոլայ Ծատուրյանը ու նկատում, թե  Սոս Սարգսյանը լավ դերասան լինելուց բացի, հզոր քաղաքացի էր, երկրի  համար տեր: Որպես ապացույց մտաբերում՝  նոր էր եկել թատերական ինստիտուտ, ամեն ինչ քանդված էր, անհնար էր անգամ զուգարանից օգտվել, ու սկսեց սարքել: Ասի` Սոս, բա ինչի քո կաբինետը չես սարքում, պատասխանեց՝ լսարաններից պիտի սկսել.

«Ինքը հզոր մարդ էր, ինչպիսիք չկան էս երեսփոխանների մեջ, չնայած կարանք երեսը հանենք…»,-շարունակում է Ծատուրյանը:

Բեմադրող ռեժիսոր Հրաչյա Գասպարյանը նույն տրամաբանության և տրամադրության մեջ շարունակում.

«Շշմելու մարդ էր, շշմելու անձնավորություն: Մեծ կորուստ է, նրա հոգևոր ժառանգներն, իհարկե կան, մարդիկ, ովքեր անպայման կտանեն նրա տված դրոշը: Բայց ինքը մի լավ բան ուներ, ուժ՝ թույլ չէր տալիս, որ օդը թունավորվեր: Նրա լինելը ստիպում էր մարդկանց լինել ավելի ազնիվ, ստիպում էր հա: Դա էր պատճառը, որ շուտ գնաց…որովհետև իսկապես տառապում էր, նա ապրում էր իր ժողովրդի կյանքով, նրա հոգսերն իր ունեցածից  չէր տարբերակում: Ասում էր՝ ամեն հայ պիտի գիտակցի և զգա, որ սա իր երկիրն է, իր պետությունն է և ինքն է սրա տերը: Մենք տեր կորցրեցինք: Նա և հզոր քաղաքական գործիչ էր, և մշակույթի»: 

– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ նրան, երբ ՀՀ նախագահի թեկնածու էր, ժողովուրդը ձայն չտվեց, դա ի՞նչ ֆենոմեն է, պաշտում ենք, բայց…

Մեր ազգը մինչև վերջ դեռ չի կազմակերպվել, հասունացել. եթե մեկը կարող է մտածի՝ էս դերասանից ինչ պրեզիդենտ…Մի օր հարցրի՝ պրեզիդենտ դառնաս ի՞նչ ես անելու, ասեց՝ առաջին հերթին կարգուկանոն կմտցնեի, եթե կարգուկանոն լիներ, գողություն չէր լինի, չէին կուտակի: Այստեղ, իհարկե, իդեալիզմ կա…կամ՝ ո՞վ տենց ելույթ ունեցավ, ոնց որ Սոսը, էդ ի՜նչ հասուն քաղաքական ելոււյթ էր, որը չվիրավորելով ոչ մեկին այնպես իրադրությունը պարզեց, որ  շատերը անհարմար զգալով գնացին: Նա և քաղաքական, և մշակութային ուժ ուներ, դրա համար էլ նույնիսկ ով իրեն չէր սիրում՝ հարգում էր:

– Չսիրող շատ կա՞ր

Շատ էին, բայց գիտեին, որ ճիշտը դա էր, ներողություն ասելով էին գողանում: Հա, ամաչում էին, իրոք, ամաչում էին, որովհետև նա բարոյական կատեգորիայի տեր մարդ էր:

-Հնարավո՞ր է քաղաքականության մեջ մտնել, բայց չկեղտոտվել և մնալ լավ  մտավորական, թե քաղաքականությունը փոխում է:

Լավ արվեստագետը չի փոխվում: Ես չգիտեմ մի նման պատգամավոր, որ ինքն է եղել, բայց մնացել է որպես արտիստ: Սրա համար դրանից չպետք է օգտվեն, բայց մարդիկ օգտվում են: Հիշում եմ՝ պատերազմի ժամանակ միլիոնի ապրանք կար մոտը, բայց սիգարետ թութունից էինք սարքում, իսկ իր մոտ պաչկաներով սիգարետ կար, տղերքինն էր: Դա այն չափանիշն է, որը պիտի լինի մեր ազգի մեջ:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ինձ հետ զրույցում  ըստ էության, հաստատում է այն, ինչ ասացին, պարզապես ավելի լակոնիկ.

«Այն անունը, որ ժողովուրդն է տվել Սոս Սարգսյանին՝ վարպետ, դա հենց խոսում է նրա արժանիքների մասին: Յուրաքանչյուր դեր խաղացել է այնպես, ասես ինքն իրեն է խաղում, նա արագ է մտել դերի մեջ: Բանակին նվիրված դերերը, օրինակ՝  «Ես եմ» ֆիլմում բնութագրում է, որ կատարելապես տիրապետել է իր գործին և լավագույն անձնավորությունը եղել»:

Համազգային թատրոնի ղեկավար Վարդան Մկրտչյանը խոստովանում է, որ նոր-նոր են ուշքի գալիս և փորձում դուրս գալ վարպետի մահից հետո ստեղծված տևան վակումից.

«Թատրոնն այս մեկ տարվա ընթացքում առանց չափազանցության եմ ասում՝  ապրում էր այնպես, ինչպես որբացած մարդը, երբ ընտանիքից հեռանում է հայրը, նահապետը,
ռահվիրանը, առաջնորդը: Տևական ժամանակ մի վակում եղավ մեր կյանքում, հիմա կարողանում ենք դուրս գալ դրանից: Եթե թատրոնն ընկճվեր, մնար այդ բեռի տակ, դա սխալ կլիներ: Պետք է դուրս գալ, լծվել այն պատասխանատվությանը, այն գործին, որը մեր վարպետը ժառանգել է մեզ: Չկանգնել, չկանգնեցնել ստեղծագործական այն ակտիվ պրոցեսը, որը կար իր կենդանության օրոք և համառորեն շարունակել համազգային թատրոնի շենքի կառուցման գործը՝ քիչ-քիչ, կամաց-կամաց, կաթիլ առ կաթիլ»:

Սեփական թատրոնի շենքն ունենալու վարպետի երազանքը շա՞տ է հեռու իրականացումից:

Շատ  հեռու չէ, որովհետև աշխատում ենք այդ ուղղությամբ և օր օրի մեր կողքին ավելանում է այն հայրենակիցների թիվը, որոնք տանում են առաջ այդ երազանքը: Ես կարծում եմ Համագային թատրոնը պետք է համազգային ուժով կառուցված լինի:

Այս անպաթետիզմ, անկեղծ, պարզ, հանդիմանող զրույցներից հետո դեռ շարունակում եմ մնալ պանթեոնում, չնայած որ արդեն մոտ մեկ ժամ է այդտեղ էի: Շրջում եմ, ուսումնասիրում, «հետախուզում» և հանկարծ նկատում վրացի հայտնի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուային: Պարզվեց նա հերթական անգամ Երևան է բերելիր «Մարիա Կալաս» ներկայացումը, իսկ  այստեղ չգալ չէր կարող:

«Նա հանճար էր, իսկ հանճարները, ցավոք, շուտ են հեռանում՝ թողնելով մեզ որբության և մենակության մեջ: Փառք Աստծո,  որ նրանց ժողովուդը չի մոռանում, գիտե՞ս կան արտիստներ, որոնց անշնորհակալ հանդիսատեսը մոռանում է, երբ նրանց էպոխան ավարտվում է: Դա մասնագիտությունից է»,-ասում է նա՝ անուղղակի ցույց տալով ուրախությունը, որ Երևանում՝ պանթեոնում իրեն ճանաչեց մի հայ աղջիկ:

Հարցնում եմ՝ գուցե սրանում նաև քաղաքականության, քաղաքական գործիչների մեղավորությունը կա, չի բացառում անուղղակի, բայց հետո նորից կրկնում՝ դա մասնագիտությունից է:

«Հուսամ մի օր կհանդիպեմ նրան, ոչ, վստահ եմ: Արտիստները ոչ դժոխք են գնում, ոչ դրախտ, իրենք մի ուրիշ տեղում են»,-լրացնում է և հրաժեշտ տալիս:

Քիչ անց հեռանում եմ նաև ես՝ վերջնական և ամբողջական ստուգողական մի հայացք նետելով  ներկա ու գնալու պատրաստ  պաշտոնյաների կողմը և Սոս Սարգսյանի մտքերի, այս օրերի զարգացումների ֆոնին հիշում վարպետի խոսքերից՝ երկիրը քանդում է անմաքուր հոսանքների ճամփան:

 

Հ.Գ. Ի դեպ, այսօր Կոմիտասի անվան քաղաքային պանթեոնում Սոս Սարգսյանի կիսանդրու բացումն էր նաև:

 

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում