«Չճանաչված պետության վրա Եվրոպական դատարանի որոշումը չի կարող տարածվել կամ ազդել». Ալավերդյանը՝ դիվերսանտների գործով Ադրբեջանի հայտարարության մասին

«Չճանաչված պետության վրա Եվրոպական դատարանի որոշումը չի կարող տարածվել կամ ազդել». Ալավերդյանը՝ դիվերսանտների գործով Ադրբեջանի հայտարարության մասին

Քարվաճառի դեպքերից հետո ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով   ադրբեջանցի դիվերսանտների ճակատագրին,  պնդեց, որ նրանք պետք է դատապարտվեն ԼՂՀ օրենքների և միջազգային պահանջներին համապատասխան՝ տեղի ունեցածը համարելով քաղաքական դիվերսիա:

 

Լարիսա Ալավերդյանն ուշադրություն հրավիրեց մի կարևոր փաստի վրա՝ Ադրբեջանը չի ասում, որ պիտի մեղմացվի նրանց հանդեպ վերաբերմունքը, այլ
հասկացնում է, թե չճանաչված պետությունը չի կարող դատել ճանաչված պետության քաղաքացուն.

«Նա հնչեցրել է այն թեզը, թե ո՞վ է ճանաչել Արցախը, որ ով ճանաչի նրա դատարանների, պետական իշխանության լիազորությունները: Այստեղ է թաղված շան գլուխը: Կարծում եմ՝ այս դիվերսիան քաղաքական դիվերսիա էր, թե չէ հետախույզները գալիս-գնում են, ոչ ոք չի իմանում այդ մասին, իսկ այս դեպքը հատուկ արված քաղաքական դիվերսիա էր, որպեսզի ևս մեկ անգամ հնչեցվեր՝ որևէ մեկի կողմից չճանաչված քաղաքական իշխանության այս կամ այն թևը ինչպե՞ս պետք է դատի ճանաչված երկրի քաղաքացուն»:

Պարզվեց Լարիսա Ալավերդյանը չէր սխալվում իր հաշվարկներում. օրեր առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում է, որ  Ղարաբաղը «Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ քր. գործ հարուցելու ոչ մի իրավական հիմք չունի, և այդ դատարանի որոշումը իրավական ուժ չի ունենա»:

Times.am-ը փորձեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրենից պարզել՝  կա միջազգային հիմք, որով Ադրբեջանը կարող է հետագայում վիճարկել ԼՂՀ դատարանի վճիռը և կա մի միջազգային փաստաթուղթ կամ հիմք, որով Արցախը կարող է այսպես ասած՝ պաշտպանվել, Լարիսա Ալավերդյանը շատ կարճ և հստակ պատասխանեց. «Առաջին՝ եթե ասում են չճանաչված պետություն, ապա չճանաչված պետության վրա Եվրոպական դատարանի որոշումը չի կարող տարածվել կամ ազդել: Այստեղ մի օրինակ բերեմ՝ օրինակ, Եվրոպական միությունը չի ճանաչում Արցախի ընտրությունները, բայց դրանից  այնտեղ քաղաքական գործընթացները չեն դադարում: Երկրորդ՝ Արցախի չճանաչվածությունը ճանաչված է, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Արցախը գաղտնի պահված, չհայտնաբերված  պետություն չէ, ոչ  էլ իսլամական պետություն: Այնպես որ բոլոր պատասխանները գտնվելու են»:

Հիշեցնենք, որ «Ազատության» փոխանցմամբ ՝ հուլիսի 10-ին Քարվաճառի ուղղությամբ պետական սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի դիվերսանտների գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 

Գործով անցնող ամբաստանյալները Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևն են։ Ղարաբաղի իրավապահ մարմինները նրանց նկատմամբ, ըստ պաշտոնական հաղորդագրության, մի շարք հոդվածներով մեղադրանք են առաջադրել՝ լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
պահպանվող պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված սպանության և ազգային ատելության շարժառիթով սպանությունների փորձ կատարելու մեջ:

Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանից«Ազատությանը» փոխանցել են, որ դռնբաց դատավարությունը կմեկնարկի հոկտեմբերի
վերջին։ Դատավորը առաջին ատյանի դատարանի նախագահ Անատոլի Թադևոսյանն է։

Լեռնային Ղարաբաղի փաստաբանների պալատից էլ տեղեկացրել են, որ  որ ադրբեջանցի մեղադրյալներին օրենքի համաձայն տրամադրվել է փաստաբան։ Արկադի Իսրայելյանը Ղարաբաղի իրավապահների կողմից ծանր հանցանքների մեջ մեղադրվող ադրբեջանցիների փաստաբաններից մեկն է։ «Ազատության» հետ զրույցում նա ասել է, որ պարբերաբար հանդիպում է իր պաշտպանյալների հետ և լսում նրանց փաստարկները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված պաշտոնական հաղորդագրությունների՝ Ասկերովն ու Գուլիևը Քարվաճառի տարածքում առևանգել և սպանել են 17-ամյա Սմբատ Ցականյանին։ Ադրբեջանցիները սպանել էին նաև 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին և վիրավորել են 37-ամյա Կարինե Դավթյանին։

 Մարիամ Պետրոսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում