Ասկերովը հակասել է իր նախորդ ցուցմունքին

«Արցախպրեսի» հաղորդմամբ՝ Ստեփանակերտում՝ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Անատոլի Թադևոսյանի նախագահությամբ այսօր շարունակվել է հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը։

Դատաքննությանն ամբաստանյալները կրկին հակասական ցուցմունքներ են տվել։ Մասնավորապես, Դ. Ասկերովը, ով նախորդ ցուցմունքում նշել էր, թե ԼՂՀ սահմանը հատել է Շահումյանի շրջանում թաքցված ոսկին գտնելու նպատակով, այսօր ասաց, որ մինչ Քարվաճառի մոտակայք հասնելն է հասկացել, որ թաքցված ոսկու մասին պատմությունը հորիված է։ Այնուամենայնիվ, նա խմբի հետ շարունակել է ճանապարհը Շահումյանի շրջանի տարբեր բնակավայրերով՝ ընթացքում տեսանկարահանումներ կատարելով խմբի սպանված անդամ Հասան Հասանովի  տեսախցիկով։

Ասկերովի ցուցմունքի համաձայն՝ ինքը տեսանկարահանել է Հասանովի տեսախցիկով, քանի որ իր տեսախցիկն անսարքություն ուներ, որը, ըստ նրա, Հասանովն էր միտումնավոր փչացրել։ Մանրամասնելով՝ Ասկերովը հայտնեց, որ ինքը նկարահանումները կատարում էր միայն իր համար՝ ցանկանալով դրանք Ադրբեջանում ցուցադրել հասարակության լայն խավերին, իսկ Հասանովը, ով ինչ-ինչ պատճառներով ցանկացել է գաղտնի պահել և սեփական հայեցողությամբ տնօրինել այդ նկարահանումները, վնասել է Ասկերովի տեսախցիկը, որպեսզի նկարահանումները կատարվեն միայն իր տեսախցիկով։

«Ոսկի որոնողները» տեսախցիկով նկարահանել են հայկական բնակավայրեր, զինտեխնիկա, զինվորականների և այն ամենը, ինչի ականատես են եղել ԼՂՀ սահմանն անցնելուց հետո, ամբողջ ճանապարհի ընթացքում։ Նախորդ ցուցմունքներից մեկում էլ Ասկերովը հայտնել էր, թե տեսախցիկները վերցրել են միայն ոսկու գտնվելու վայրը նկարահանելու համար։

Անդրադառնալով Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի հետ  հանդիպման ու սպանության մանրամասներին՝ Ասկերովը պնդեց իր նախորդ ցուցմունքն այն մասին, որ ինքը պատանուն հանդիպել է ավելի ուշ, կեռասի ծառի մոտ, երբ նա՝ պատանին, Շ. Գուլիևի և Հ. Հասանովի հետ էր գտնվում ։ Գուլիևն էլ պնդեց, որ կեռասի ծառին իրենք պատանու հետ մոտեցել են ամբողջ խմբով, իսկ Ս. Ցականյանին երեքով հանդիպել են ճանապարհին։

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ Ստեփանակերտից հաղորդել էր Times.am-ը, Ասկերովը  սուտ մատնություն էր  համարել  Գուլիևի ցուցմունքը, թե  տեսել էր  իրեն զենքը  պատանու՝ Ս. Ցականյանի  վրա պահած, իսկ Հասանովը  զենքը կրում էր իր վրա՝ չեզոք  դիրքի  բերված  վիճակում: Ասկերովը հերքել էր նաև Գուլիևի այն ասածը, որի համաձայն զենքերը սահմանին են ստացել, որպեսզի  գազաններից պաշտպանվեն:

Լուսանկարը՝ «Արցախպրեսի»

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում