Իսրայելաիրանական պատերազմի ցնցումներն ու Հայաստանի «լեթարգիան»

Իսրայելաիրանական պատերազմի ցնցումներն ու Հայաստանի «լեթարգիան»

Ինչպես և կանխատեսվում էր, Մերձավոր Արևելքում բռնկվեց հերթական լայնամասշտաբ պատերազմը։ Իսրայելի՝ Իրանի դեմ իրականացրած հարձակումը կրում է ոչ միայն «պատժիչ», այլ նաև հստակ ծրագրավորված բնույթ․ թիրախավորվում են ոչ միայն ռազմական օբյեկտներ, այլև պետության կառավարման, ինչպես նաև առանցքային ենթակառուցվածքները։

Մասնավորապես՝ սկզբնական փուլում ոչնչացվեցին Իրանի բարձրաստիճան գեներալներ՝ ներառյալ ԳՇ պետն ու ՀՊԿ ղեկավարը։ Շատ արագ՝ երկու-երեք օրվա ընթացքում, հստակ ծրագրավորված ձևով, Իրանի տարածքում գործող իսրայելական գործակալական ցանցի միջոցով թիրախային դեմքերը «խաղից հանվեցին», որից հետո հարվածի տակ հայտնվեցին նաև միջուկային էներգիայի գիտնականներ, ատոմի հարստացման հարցերում ընդգրկված ֆիզիկոսներ, ռազմավարական նշանակության տեղեկատվական կենտրոններ, այդ թվում՝ Իրանի պետական հեռուստատեսությունը՝ ակնհայտ նպատակ ունենալով քարոզչական կենտրոնների լռեցում։ Այս ամենը վկայում է, որ գործ ունենք ոչ թե սպոնտան, այլ հստակ մշակված ռազմավարական հարվածային ծրագրի հետ։

Նշենք նաև, որ մայրաքաղաք Թեհրանի բնակելի հատվածներում նույնպես կետային հարվածներ են տեղի ունենում, ինչի արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան հարյուրավոր զոհեր։ Սա պատերազմական նոր փուլ է, որտեղ ռազմաճակատը դուրս է եկել ավանդական սահմաններից։

Գաղտնիք չէ, որ տարածաշրջանային այս պատերազմը բացառիկ վտանգներ է պարունակում նաև մեզ համար։ Իրանը Հայաստանի հետ ունի ինչպես աշխարհագրական, այնպես էլ ռազմավարական փոխկապակցվածություն, իսկ նման տիպի բախումներն ուշ թե շուտ տարածվելու և իրենց ուղղակի ազդեցությունն են ունենալու նաև մերձավոր գոտիների վրա։ Այլ կերպ ասած՝ այս «աշխարհաքաղաքական փոթորիկը» մեզ չի կարող շրջանցել, և մենք մեր մաշկի վրա զգալու ենք դրա ուղղակի հետևանքները՝ թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական առումով։

Ըստ էության՝ այս պահին ՀՀ կառավարիչների ձեռքը «զարկերակին» չէ, և տեսանելի ոչ մի փորձ չի արվում կանխատեսելու ու կանխելու հնարավոր ռիսկերը՝ սահմանային անվտանգությունից մինչև էներգետիկ ու տնտեսական հատվածներ։ Ավելին՝ հայաստանյան իշխանությունը մի տեսակ «լեթարգիական քնի» մեջ է․ ո՛չ մի դիրքորոշում, ո՛չ գնահատական, ո՛չ հայտարարություն, ո՛չ ռազմավարական ուղեգիծ։ Կարծես թե տեղի ունեցող պատերազմը բնավ մեր սահմանին չէ։ Ավելին, Փաշինյանը՝ նման կոշտ միջազգային ցնցումների ֆոնին, շարունակում է լռել՝ ողջ պետական մեքենան պահելով ներքաղաքական մանիպուլյացիաների ու կառավարման թատերականացման ռեժիմում։

Ակնկալվում է, որ այս իրավիճակի խորացման պարագայում Ադրբեջանը Նիկոլի առաջ նոր՝ ավելի կտրուկ ու նվաստացուցիչ պահանջների փաթեթ կդնի, և չի բացառվում՝ դա ուղեկցվի նաև հստակ քայլերով՝ քաղաքական, ռազմական կամ ինստիտուցիոնալ ճնշման տեսքով։

Ի դեպ՝ միօրինակ է նաև ընդդիմադիր հատվածի կեցվածքը, քանի որ շարունակում է ամեն սցենար ընթանալ փաշինյանական ուղենիշերով։ Ակնհայտ է, որ Հայաստանի քաղաքական դաշտը հայտնվել է ցնցող անգործության փուլում։ Ընդդիմադիր մի հատվածը խոսում է վաղաժամ ընտրություններից, և ամենակարևորը՝ չկա պարզ ու բաց կոչ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանումը ազգային անվտանգության ամենամեծ ռիսկն է։ Նման լռություն չի կարելի բացատրել «ռեալպոլիտիկով» կամ դիվանագիտությամբ․ սա դասական հարմարվողականություն է։

Այս ամենի ֆոնին Փաշինյանը շարունակում է հետևողականությամբ քարոզել ապօրինի գույքի բռնագանձման թեման՝ այն դարձնելով պարզ շանտաժի և քաղաքական հաշվեհարդարի միջոց։ Դրան զուգահեռ՝ պետական համակարգն աշխատում է ընդդիմադիր գործիչների դեմ քրեական գործեր «կարելով»։ Ամենամարազմատիկն այն է, որ նա բյուջեի կատարողականով հիացած հայտարարություններ է անում՝ ասես ամեն ինչ նորմալ է, և երկիրը պատերազմական սպառնալիքների մեջ չէ։

Ակնհայտ է, որ ժամանակն է, որպեսզի քաղաքական ուժերը դուրս գան նիկոլական կեղծ օրակարգերից ու դիսկուրսներից և ուղիղ ձևակերպեն՝ Հայաստանի համար ամենամեծ սպառնալիքը ոչ միայն արտաքին պատերազմներն են, այլև ներսի «ապազգային լեգիտիմությունից» ձերբազատվելու անհրաժեշտությունը։ Եթե կարճ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության շարունակականությունը պետության գոյության դեմ ուղղված մարտահրավեր է։ Պետք է կասեցնել այս ռեժիմի գոյությունը, ոչ թե ընտրությունների օր ասել, այլ՝ հստակ ժամկետ սահմանել վերջինիս հեռացման համար և դա պետք է հստակ ռազմավարությամբ ու համահայկական ճնշմամբ։

Արմեն Հովասափյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում