Հայրենիքը գնում է դեպի ինքնաքանդում, իսկ սփյուռքը՝ ինքնամաշում, նոր ղեկավարներ են պետք․ Արամ Ա
Նմանատիպ
Կանադայի հայկական եկեղեցում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարել է «Այսօր Հայաստանում ազգային արժեքները վտանգված են։ Ազգային գաղափարախոսությունները նահանջել են, այս վատառողջ, վտանգավոր երևույթի մասին մենք միշտ խոսել ու քննադատել ենք, արտահայտել ենք մեր մտահոգությունը»։
Նա անդրադարձել է Հայաստանի ներքին կյանքում ստեղծված իրավիճակին, կոչ է արել Սփյուռքի մեր հայրենակիցներին ապրել հանուն Հայաստանի, որը մեր ժողովրդի հավերժական հայրենիքն է։
«Փառք Աստծո, այսօր մենք ունենք անկախ Հայաստան, բայց դա բավական չէ։ Էականն այդ անկախությունն ամուր ու առողջ պահելն է, մենք տասնամյակներ ու դարեր շարունակ երազել ենք ունենալ անկախ Հայաստան։ Մենք ոչ միայն երազեցինք, այլև մեր երազանքը պայքարի վերածեցինք։ Երբ ուրիշները հեռացան եռագույնից, մենք այն պահեցինք մեր խորաններում՝ որպես սրբություն սրբոց, որպես սրբազան արժեք, հետևաբար՝ մենք պետք է կառչած մնանք մեր հայրենիքի անկախությունը, ամբողջականությունն ու գերիշխանությունը պահող արժեքներին ու հավաքական պայքարին։ Ճիշտ է՝ Հայաստանում չենք, բայց Հայաստա՛նն է մեր մեջ։ Հայաստանը մեր ժողովրդի հավերժական հայրենիքն է։ Հայաստանի համար թե՛ անելիք, թե՛ ասելիք պիտի ունենանք։ Հայրենիքը գնում է դեպի ինքնաքանդում, իսկ սփյուռքը՝ ինքնամաշում, նոր ղեկավարներ են պետք։ Այս իրավիճակում մենք նոր ղեկավարների, նոր մոտեցումների, նոր կեցվածքի կարիք ունենք, որպեսզի դուրս գանք ներկայիս ճահճացած վիճակից: Կրկնություններով մենք չենք կարող առաջ գնալ, մասնավորապես ներկայիս ամենօրյա փոփոխություններով լի ժամանակներում։ Չենք կարող ինքնակենտրոն և ինքնանպատակ ապրել, պետք է բացենք մեր աչքերն ու տեսնենք, թե ուր է գնում մեր ժողովուրդն ու հայրենիքը»,-հավատացյալների հետ հանդիպման ժամանակ ասել է Արամ Ա-ն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում