Յոհան Վադեֆուլ. Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը կամ ընդունի նորը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար
Կարդացեք նաև
Հարավային Կովկաս կատարած այցի ընթացքում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը Tagesschau-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա հակամարտությունը, որը տասնյակ հազարավոր զոհերի պատճառ է դարձել, կարգավորման ճանապարհին է, և կողմերը սկզբունքային համաձայնություններ են ձեռք բերել, սակայն խաղաղության պայմանագիրը դեռևս չի ստորագրվել։ Նրա խոսքով՝ պայմանագրի ստորագրման համար Հայաստանը դեռ պետք է փոփոխի իր Սահմանադրությունը կամ ներկայացնի նոր Սահմանադրություն, ինչը ներքաղաքական բարդ քննարկումների առարկա է, և թեև Գերմանիան փորձում է աջակցել, հարցը մնում է Հայաստանի ներքին քաղաքականության տիրույթում։ Վադեֆուլը նշել է, որ հաստատուն խաղաղության դեպքում կստեղծվեն տրանսպորտային նոր կապեր ապրանքների, հումքի, էներգակիրների և էլեկտրաէներգիայի համար, ինչպես նաև կվերականգնվեն մշակութային կապերը, իսկ ձախողման ու նոր պատերազմի դեպքում կհանգեցնի էներգակիրների գների նոր աճի և մատակարարումների խափանման։
Անդրադառնալով էներգետիկային և Հարավային Կովկասի դերին՝ Վադեֆուլն ընդգծել է, որ տարածաշրջանը կարևոր կապող օղակ է Կենտրոնական Ասիայի հետ, որտեղից արդյունաբերական երկրները ստանում են անհրաժեշտ հումք, իսկ Ադրբեջանը գազի ու նավթի վստահելի մատակարար է Եվրոպայի մեծ մասի և արդեն նաև Գերմանիայի համար՝ ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու պայմաններում։ Նախարարի խոսքով՝ նոր մատակարարումների շուրջ արդեն կան պայմանավորվածություններ, որոնք կմեկնարկեն հաջորդ տարի և կընդլայնվեն քաղաքական հիմքի ապահովմամբ, մասնավոր ընկերությունների համաձայնությամբ և Բրյուսելում այդ հնարավորությունների առաջմղմամբ։ Հայաստանի՝ ռուսական էներգետիկ և ազդեցության կախվածությունից հեռանալու հարցում Վադեֆուլը նշել է ԵՄ-ին մերձենալու, ֆինանսական աջակցության, պաշտպանության, եվրոպական շուկաների հասանելիության և անցումային փուլում գազի մատակարարման հնարավորության մասին՝ ընդգծելով փոխադարձ աջակցության կարևորությունը և հավելելով, որ Գերմանիան վարում է ինքնուրույն քաղաքականություն՝ չսպասելով Կրեմլի թույլտվությանը։
Խոսելով առաջիկա զարգացումների մասին՝ Վադեֆուլը նշել է, որ «կամավորների կոալիցիայի»՝ ավելի քան 30 երկրի մասնակցությամբ հանդիպման նպատակն է վերահաստատել աջակցությունն Ուկրաինային, պատրաստ լինել բանակցությունների հնարավոր ձախողմանը և շարունակել ֆինանսական ու ռազմական օգնությունը ձմռան ընթացքում՝ միաժամանակ նախապատրաստելով բանակցային գործընթացը, որին ԱՄՆ-ից ներգրավված են Ուիթքոֆն ու Քուշները։ Հնարավոր խաղաղության բանակցություններում եվրոպական ներկայացուցչության հարցում նա նշել է, որ Անտոնիո Կոշտան կարևոր դեր կունենա, սակայն գործընթացը դեռ տեխնիկական նախապատրաստման փուլում է փորձագիտական մակարդակով, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից բանակցությունների պատրաստակամություն առայժմ չկա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում