Բաքվի դատարանում Դավիթ Մանուկյանը միջնորդել է իր վրայից հանել կազմակերպված հանցավոր խումբ ստեղծելու մեղադրանքը
31/10/2025 16:53
Նմանատիպ
Բաքվում շարունակում է գերության մեջ պահվող հայերի դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այսօրվա նիստում շարունակվել է փաստաթղթերի ընթերցումը։
Ադրբեջանական կայքերը նշում են, որ ՊՆ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի փաստաբան Օկտայ Մադաթովը խնդրել է դատարանին հնարավորություն տալ իրեն հանդիպել իր պաշտպանյալի հետ ընդմիջման ժամանակ։ Դատավորը նշել է, որ դրա համար պայմաններ կստեղծվեն։
Գեներալ Դավիթ Մանուկյանը միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով հանել կազմակերպված հանցավոր խումբ ստեղծելու մեղադրանքը քրեական գործից և քննարկել այն առանձին վարույթում։ Դատարանը, տեղում խորհրդակցություն անցկացնելուց հետո, միջնորդությունը մերժել է, նշում են ադրբեջանական աղբյուրները։
Այնուհետև Մադաթ Բաբայանի փաստաբան Լեյլա Նամազզադեն միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով հանել որոշակի միջադեպեր իր պաշտպանյալի դեմ հարուցված քրեական գործից։ Դատարանը հայտարարել է, որ միջնորդությունը կքննարկվի խորհրդակցական սենյակում, և կտրվի պատասխան։