Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մալթայում անցկացված «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանը ճանաչվել է հաղթող։ Հայաստանի ներկայացուցիչ Նարեն իր «Boo!» երգով վաստակել է ընդհանուր առմամբ 202 միավոր՝ զբաղեցնելով պատվո հարթակի առաջին հորիզոնականը։  

Ազգային ժյուրիի քվեարկության արդյունքներով հայ կատարողը հավաքել է 103 միավոր։ Նարեի ելույթին առավելագույն՝ 12-ական միավոր են շնորհել Կիպրոսի և Ալբանիայի ազգային ժյուրիները, իսկ Հայաստանի ազգային ժյուրին իր առավելագույն 12 միավորը տվել է Կիպրոսին։ Մրցույթում երկրորդ տեղն է զբաղեցրել Ֆրանսիայի ներկայացուցիչը՝ վաստակելով 114 միավոր։  

Հաղթանակած երգչուհին՝ Նարե Քերոբյանը, սովորում է Երևանի թիվ 200 հիմնական դպրոցում։ Նա արդեն մի քանի տարի լուրջ զբաղվում է վոկալով և մասնակցում տարբեր երաժշտական նախագծերի։ 2023 թվականին Նարեն արդեն փորձել էր իր ուժերը «Մանկական Եվրատեսիլի» ազգային ընտրական փուլում, սակայն այն ժամանակ չէր հաղթահարել այն։

Հարկ է նշել, որ նախորդ մրցույթում Հայաստանը ներկայացնում էր 12-ամյա Ալբերտ Արմենակյանը, ով զբաղեցրել էր չորրորդ հորիզոնականը։

Հայաստանն առաջին անգամ «Մանկական Եվրատեսիլին» մասնակցել է 2007 թվականին, երբ «Արևիկ» խումբը զբաղեցրեց երկրորդ տեղը՝ հաղթողին զիջելով ընդամենը 1 միավոր։ Առաջին հաղթանակը երկրին բերեց Վլադիմիր Արզումանյանը 2010 թվականին՝ «Մամա» երգով, իսկ երկրորդ հաղթանակը 2021 թվականին նվաճեց Միլենան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում