Անհասկանալի է այս մարդկանց պահվածքն ու մոտեցումը․ Արթուր Վանեցյան
Կարդացեք նաև
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նշել է․ «Այսօր շատ կարևոր օր է, շատ կուզեի՝ նման օր ընդհանրապես մեր պատմության մեջ չլիներ, բայց այսօր բոլորս պետք է ոգեկոչենք մեր անմահացած հերոսներին։
Այսօր պետք է խոնարհվենք նրանց ծնողների, երեխաների, կանանց, եղբայրների, քույրերի առջև, նրանք իրենց ամենաթանկը տվել են ամենաթանկին, տվել են հայրենիքին, տվել են, որպեսզի մենք կարողանանք այսօր ապրել և գոյատևել։ Խոնարհումս բոլոր նահատակված հերոսներին»։
Անդրադառնալով Դավոսում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելուն՝ Վանեցյանն արձագանքել է․ «Անհասկանալի է այս մարդկանց պահվածքն ու մոտեցումը, միգուցե մարդ էլ պետք չէ իրենց ասել։ Ցավում եմ, որ նման իրավիճակ ունենք, հուսով եմ՝ առաջիկայում այդ ամենը կշտկվի»։
Ի պատասխան լրագրողի հարցին, թե, ըստ նրա՝ ինչո՞ւ ՀՀ ղեկավարությունը չմոտեցավ և ծաղիկներ չխոնարհեց նաև 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված «Արցախի կանչ» հուշակոթողի մոտ, Վանեցյանը պատասխանել է. «Չեմ նկատել նման բան, դա իրենց խնդիրն է, երևի բարդույթներ ունեն»։
Վանեցյանը նաև նշել է, որ չէր ցանկանա այս օրը գնահատական տալ իշխանությունների արարքներին․ «Պետք է այնպես անենք, որ «Եռաբլուր»-ում և, առհասարակ, Հայաստանում նոր զոհեր չլինեն և մենք կարողանանք ապրել, գոյատևել ու զարգանալ խաղաղ և անվտանգ հայրենիքում»։
Հավելենք, որ Արթուր Վանեցյանը «Եռաբլուրի» Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի, ինչպես նաև Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և կուսակիցների հետ ծաղիկներ է խոնարհել «Արցախի կանչը» հուշահամալիրում՝ ի հիշատակ արցախյան պատերազմների բոլոր զոհերի, Արցախում հուղարկավորվածների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների։
Տեր Հովհաննեսը աղոթքի խոսք է ասել նահատակների հիշատակին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում