Մամուլի համար ավելի ու ավելի թշնամական միջավայր է ձևավորվում. ԵԽ զեկույց

Մամուլի համար ավելի ու ավելի թշնամական միջավայր է ձևավորվում. ԵԽ զեկույց

Եվրոպայում լրագրության համար ավելի ու ավելի թշնամական միջավայր է ձևավորվում։ Այս մասին ահազանգում է ԵԽ-ն մամուլի ազատության մասին տարեկան զեկույցում։

Եվրոպայի խորհրդի լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության խթանման հարթակին ուղղված գործընկեր կազմակերպությունների տարեկան զեկույցի հեղինակներն ահազանգում են՝ 2025 թվականին Եվրոպայում մամուլի ազատությունը շարունակել է գտնվել կայուն ճնշման տակ՝ պայմանավորված իրավական սպառնալիքներով, ֆիզիկական հարձակումներով և ահաբեկումներով, լրատվամիջոցների գրավման փորձերով և միջազգային ճնշումներով։

Զեկույցը զգուշացնում է ազատազրկման համակարգված օգտագործման մասին՝ որպես լրատվամիջոցների վերավերահսկողության գործիք:

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Եվրոպայում կալանքի տակ է գտնվել 148 լրագրող, որից 36-ը՝ Ադրբեջանում, 32-ը՝ Ռուսաստանում, 27-ը՝ Բելառուսում, 26-ը Ռուսաստանի կողմից պահվում են Ուկրաինայի օկուպացված տարածքներում, 24-ը՝ Թուրքիայում, երկուսը Հայաստանում և մեկը՝ Վրաստանում:

«2025 թվականի վերջին հարթակում առաջին անգամ արձանագրվեց Հայաստանը՝ լրագրողների կամ այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների կալանքի տակ գտնվելու առումով, այն բանից հետո, երբ փոդքասթերներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը խուլիգանության մեղադրանքով կալանավորվեցին»,-ասված է զեկույցում։

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 12-ին Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակն ահազանգել է Հայաստանում լրագրողների կալանավորման մասին և պահանջել պարզաբանումներ։

Հարթակն ահազանգել էր antifake.am-ի փոդքասթերներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի կալանավորման և լրատվականի գույքի առգրավման մասին՝ հղում կատարելով Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի (ՔԻՀԿ) հայտարարությանը։ Ահազանգն առաջին աստիճանի է (Level 1), ինչը նշանակում է մեդիայի ազատության նկատմամբ ամենակոպիտ միջամտության առկայություն։

Ահազանգում մասնավորապես նշվել է. «2025թ. նոյեմբերի 13-ին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները ձերբակալել են «Antifake.am»–ի «Իմնեմնիմի» քաղաքական փոդքաստի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին, ինչպես նաև «Antifake.am»–ի լրագրող Դավիթ Ֆիդանյանին, ով հետագայում ազատ է արձակվել։ Ձերբակալություններն իրականացվել են դիմակավորված ԱԱԾ աշխատակիցների կողմից, որոնք նաև խուզարկել են փոդքաստավարների բնակարանները։ Միևնույն ժամանակ ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացրել «Antifake.am»–ի գրասենյակներում՝ առգրավելով տեխնիկական և լրագրողական սարքավորումներ, ներառյալ տեսախցիկներ, միկրոֆոններ, համակարգիչներ, շտատիվներ և տվյալների պահպանման կրիչներ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում