Իրանը հրաժարվում է ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններից

Իրանը հրաժարվում է ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններից

Իրանը չի սկսի Միացյալ Նահանգների հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ, քանի դեռ Վաշինգտոնը շարունակում է սպառնալ Թեհրանին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Այս մասին գրում է The Economic Times պարբերականը:

Իրանի արտգործնախարարը հիշեցրել է երկու կողմերի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի 13-րդ կետը, որի համաձայն՝ շարունակվող սպառնալիքների պայմաններում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները չեն կարող մեկնարկել։

«Փոխըմբռնման հուշագրի 13-րդ կետը հստակ է․ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները չեն սկսվի, եթե սպառնալիքները շարունակվեն։ Հարգեք ձեր ստորագրությունը»,- գրել է Արաղչին X սոցիալական հարթակում։

Նրա հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, որ Վաշինգտոնը կամ համաձայնության կհասնի Թեհրանի հետ, կամ «կավարտի գործը»։ Թրամփը նաև հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում Միացյալ Նահանգները կարող է կարճ ժամանակահատվածում հարված հասցնել Իրանի կարևոր էներգետիկ և էլեկտրական ենթակառուցվածքներին։

Արաղչին ընդգծել է, որ Իրանի ժողովուրդը և երկրի զինված ուժերը չեն ենթարկվի սպառնալիքներին ու ճնշումներին։

Իրանական կողմը դատապարտել է ԱՄՆ նախագահի հայտարարությունները՝ դրանք որակելով որպես հարկադրանքի և ռազմական ճնշման փորձ։ Թեհրանը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ բովանդակային և արդյունավետ բանակցություններ չեն կարող ընթանալ ռազմական սպառնալիքների պայմաններում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում