Rheinmetall-ի ղեկավարն Եվրոպային կոչ է արել մեծացնել սեփական սպառազինության արտադրությունը

Rheinmetall-ի ղեկավարն Եվրոպային կոչ է արել մեծացնել սեփական սպառազինության արտադրությունը

Գերմանական Rheinmetall ռազմարդյունաբերական ընկերության գլխավոր տնօրեն Արմին Պապերգերը հայտարարել է, որ Եվրոպան պետք է զգալիորեն մեծացնի սեփական սպառազինության արտադրությունը՝ նվազեցնելով կախվածությունը Միացյալ Նահանգներից։

«Կարծում եմ՝ մենք պետք է ավելի շատ արտադրենք հենց Եվրոպայում, քանի որ ԱՄՆ-ի զինամթերքի պաշարները լիարժեք համալրված չեն։ Դրանք այժմ կազմում են ընդամենը մոտ 20–30 տոկոս, և Միացյալ Նահանգներն առաջին հերթին պետք է արտադրեն իրենց սեփական կարիքների համար», — ասել է Պապերգերը։

Նրա խոսքով՝ եթե ԱՄՆ-ն ընդլայնում է իր արտադրական կարողությունները, ապա Եվրոպան նույնպես պետք է նույն ճանապարհով գնա։

«Համոզված եմ, որ առաջիկա 10 տարիներին Եվրոպայում մեզ սպասում են լայնածավալ աշխատանքներ և խոշոր արտադրական ծրագրեր», — նշել է նա։

Անդրադառնալով ժամանակակից պատերազմներին՝ Rheinmetall-ի ղեկավարը ընդգծել է, որ միայն անօդաչու թռչող սարքերով հնարավոր չէ ապահովել արդյունավետ պաշտպանություն։

«Ձեզ հազարավոր տանկեր պետք չեն, դա ակնհայտ է։ Սակայն առանց տանկերի և պաշտպանական միջոցների հնարավոր չէ հետ մղել հարձակումը, եթե հակառակորդը փորձի գրավել մեր տարածքները։ Այդ պատճառով դրանք անհրաժեշտ են։ Միայն անօդաչու սարքերով հաջողության հասնել հնարավոր չէ», — հայտարարել է Արմին Պապերգերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում