ԱՄՆ-ն կարող է այսօր հայտարարել Իրանի հետ Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնագրի մասին․ Axios
Կարդացեք նաև
ԱՄՆ-ն հույս ունի արդեն այսօր հայտարարել Իրանի հետ Հորմուզի նեղուցի վերաբերյալ ժամանակավոր համաձայնագրի ձեռքբերման մասին։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ-ն, Իրանը և Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման վերաբերյալ ժամանակավոր համաձայնության կնքմանը։ Axios-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը նպատակ ունի նաև վերականգնել ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմը և վերսկսել նոր միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները։
Աղբյուրների խոսքով՝ համաձայնագիրը բավարարում է Թեհրանի մի շարք պահանջներ՝ Իրանին տրամադրելով Հորմուզի նեղուցում նավագնացության նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն, քան նա ուներ մինչև պատերազմի սկիզբը։
Նախնական տվյալներով՝ համաձայնագիրը նախատեսում է, որ Պարսից ծոց մուտք գործող նավերը կշարժվեն Իրանի տարածքային ջրերով, իսկ Պարսից ծոցից դեպի Արաբական ծով դուրս եկող նավերը կանցնեն Օմանի տարածքային ջրերով՝ Իրանի հետ համակարգման պայմաններում։
Փաստաթղթով նախատեսվում է նաև, որ առաջին 60 օրերի ընթացքում նավերից տուրքեր և վճարներ չեն գանձվի, իսկ առաջին 30 օրվա ընթացքում կողմերը կիրականացնեն կենտրոնական նավարկային միջանցքի ականազերծում։ Ականազերծման ավարտից հետո նախատեսվում է կենտրոնական երթուղին բացել երկկողմանի նավարկության համար՝ ապագա մշտական համաձայնագրի շրջանակում։
Axios-ի տեղեկություններով՝ վերջին օրերին մի շարք հեռախոսազրույցներ են տեղի ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և Օմանի արտգործնախարար Բադր ալ-Բուսայդիի միջև։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Աբբաս Արաղչին համաձայնել է համաձայնագրի պայմաններին դեռևս անցած հանգստյան օրերին, սակայն փաստաթուղթը պետք է հաստատվի Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում