Կոտայքի մարզից ԼՂՀ ՊԲ զորակոչված զինծառայողները հանդիպել են իրենց ծնողներին

Կոտայքի մարզպետարանի դահլիճում տեղի է ունեցել մարզից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակ զորակոչված զինծառայողների հանդիպումն իրենց ծնողների և բանակի հրամանատարության հետ, որն ուղեկցվել է հանդիսավոր միջոցառմամբ: Միջոցառմանը մասնակցել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ու Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կոտայքի մարզպետն ու ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարը ողջունել են բոլոր զինծառայողներին և նրանց ծնողներին` ընդգծելով նմանատիպ միջոցառման կազմակերպման հիմնական գաղափարախոսությունն ու վերջինիս հիմքում դրված առանցքային նպատակները:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն իր խոսքում անդրադարձել է բանակային գործընթացների հիմնական ուղղություններին, հայոց պետության սահմանների անսասանությունն ապահովելու նպատակով ձեռնարկվող գործողություններին և այդ ամենի համատեքստում կարևորել հայ զինվորի կողմից ցուցաբերվող նշանակալի որակները:

Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը մարզից զորակոչված զինծառայողներին շնորհակալություն է հայտնել հայրենիքի սահմանները պահպանելու գործում իրենց առաքելությունն անվերապահորեն իրականացնելու համար և փաստել, որ ինչպես նրանց, այնպես էլ բոլոր զինվորների ծնողները պետք է իրավամբ հպարտանան իրենց զավակներով: Կոտայքի մարզպետն իր խոսքում անդրադարձել է նաև հայրենիքի պաշտպանության ամենատարբեր գործընթացներում մարզի համայնքներից ներգրավված քաջարի զինվորների սխրագործություններին և ընդգծել, որ կոտայքցիները միշտ եղ? ?լ են այդ ասպարեզի առաջամարտիկները:

Հայ զինվորի ուրույն նկարագրին և բազում հերոսություններին է անդրադարձել և մարզկենտրոն այցելած զինվորներին օրհնել է Հայ առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի Թեղենիքի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Անդրանիկ Աբեղա Գևորգյանը:

Կոտայքի մարզպետարանում կայացած հանդիսավոր միջոցառումն ուղեկցվել է «Բանակը մեր տունն է խորագրով» տեսաֆիլմի ցուցադրությամբ, ինչպես նաև ԼՂՀ պաշտպանության նախարարության «Ասպետ» համույթի ու Կոտայքի մարզի անհատ կատարողների գեղարվեստական համարներով:

Օրվա խորհրդի շրջանակներում ելույթներ են ունեցել նաև ԼՂՀ պաշտպանության բանակի մի շարք ներկայացուցիչներ, Երկրապահ կամավորականների միության Կոտայքի մարզային խորհրդի փոխնախագահ Համլետ Հայրապետյանը, Աբովյանի N 10 հիմնական դպրոցի տնօրեն Լիլյա Սառաջյանը, զինվորի մայր Աննա Բաղդասարյանն ու այլ հյուրեր ևս:

Միջոցառման ավարտին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հրամանով խրախուսանքի են արժանացել ինչպես մարզից զորակոչված զինծառայողներ, այնպես էլ հայրենիքի պաշտապանության գործում մեծ ավանդ ունեցող մի շարք երկրապահներ, հանրակրթական դպրոցների մանկավարժներ և այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում