ԱԺ-ում ընթանում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու գործընթացը
Կարդացեք նաև
ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի թեկնածության քննարկումը։
Վարդևանյանի թեկնածությունն առաջադրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։ Դաշինքի ղեկավար Նարեկ Կարապետյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ընտրության ժամանակ հաշվի են առել Վարդևանյանի մասնագիտական փորձն ու պրոֆեսիոնալիզմը։
Թեկնածության քննարկումը մեկնարկել էր օգոստոսի 6-ին և ձգձգվել՝ պատգամավորների մեծ թվով հարցերի ու ելույթների պատճառով։ Առաջին օրը Վարդևանյանին հարց տալու համար հերթագրվել էր 43, ելույթի համար՝ 59 պատգամավոր։
ԱԺ փոխնախագահի թեկնածուի կարգավիճակում ելույթ ունենալով՝ Վարդևանյանը հայտարարել էր, որ խորհրդարանում աշխատանքը և ԱԺ փոխնախագահ դառնալն իր անձնական նպատակը չեն եղել, սակայն «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը որոշել է ստանձնել խորհրդարանական գործունեությունից բխող պատասխանատվությունը։
Հիշեցնենք՝ ԱԺ երեք փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ։ Խորհրդարանի մյուս երկու փոխնախագահների պաշտոններում արդեն ընտրվել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչներ Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը։
«Հայաստան» խմբակցությունն ավելի վաղ հայտարարել է, որ կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն այսօր հայտարարեց, որ ՔՊ-ն նույնպես ունի որոշում։ Նրանք բավարար ձայներ կտան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու առաջադրված Արամ Վարդևանյանին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում